Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում մնացել է երկու հանդիպում, որոնք կորոշեն չեմպիոնին ու մյուս մրցանակակիրներին:
Անցկացված 62 հանդիպումներում խփվել է 167 գնդակ, մեկ խաղում միջինը՝ 2, 69 գնդակ:
Ռմբարկուների ցուցակի առաջատարը Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն է՝ վեց գնդակով:
Կոլումբացին այլևս չի կարող ավելացնել իր գոլերի քանակը, քանի որ նրա հավաքականը դուրս է մնացել պայքարից:
Ընդամենը մեկ գնդակ պակաս է խփել Թոմաս Մյուլլերը, ով վաղը Գերմանիայի հավաքականի կազմում փորձելու է չեմպիոն դառնալ՝ Արգենտինայի ընտրանու հետ խաղում:
Իր անհատական ցուցանիշը բարելավելու հնարավորություն ունի նաև Արգենտինայի հավաքականի ավագ Լիոննել Մեսսին. նրա ակտիվում առայժմ չորս գոլ է:
Նույնքան գնդակ է խփել նաև բրազիլացի Նեյմարը, ով, սակայն, վնասվածքի պատճառով այլևս չի մասնակցում առաջնությանը:
Սուրեն Սուրենյանց