ՀԻՊԱԹԵԱ

Հին աշխարհի միակ կին իմաստասերը (փիլիսոփան) ազգությամբ հույն Հիպաթեա Ալեքսանդրացին է: Ապրել է 4-5-րդ դարերում՝ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Հիպաթեան եղել է ոչ միայն իմաստասեր, այլեւ աստղագետ ու մաթեմատիկոս: Դասավանդել է Ալեքսանդրիայի իմաստասիրաց դպրոցում: Ունեցել է յուրահատուկ գեղեցկություն, ճկուն ու խորաթափանց միտք: Հարուստ ու նշանավոր մարդիկ իրենց որդիներին ուղարկել են Եգիպտոս' նրա մոտ ուսանելու: Ինչպես հին աշխարհի շատ իմաստասերներ, այնպես էլ Հիպաթեան դարձել է տգիտության ու խավարի զոհ: Եկեղեցին նրան վերաբերվել է որպես հեթանոսի ու կախարդուհու, քանի որ կին լինելով ոչ միայն համարձակվել է դասավանդել, այլեւ մարդկային բանականությունն ավելի բարձր է դասել կրոնական գիտակցությունից: Հիպաթեային դաժանորեն սպանել են: Մահվան վճիռը կայացրել է Ալեքսանդրիայի եպիսկոպոսը: Գիտնականին ձերբակալել են, տարել եկեղեցի, մերկացրել ու սաստիկ ծեծել, ապա այրել խարույկի վրա: