Ես բնական եմ համարում, որ Անասատաս Միոկյանի թոռը՝ Վլադիմիր Միկոյանը, երկարաշունչ հարցազրույցներ է տալիս, որպեսզի ՙՙարդարացնի՚՚ իր պապուն, նրա գործունեությունը, Երևանում պատճառաբանված համարի չարաբաստիկ արձանի տեղադրումը:


Բայց այդ հարցազրույցներն ինձ ավելի համոզեցին, որ Միկոյանի արձանը չպետք է տեղադրել: Ոչ մի պարագայում:
ՙՙԴա իրականում հարց է այն մասին, թե արդյո՞ք հայերը ցանկանում են հիշել և իմանալ իրենց անցյալը, իրենց ակնառու հայրենակիցներին։ Եվ արդյո՞ք տեսնում են այդ անցյալն ամբողջական, առանց «կրկնակի ստանդարտների» և առանց «դիմահարդարման», ինչպես ընդունված է այլ երկրներում։ Լեհաստանում անգամ Նապոլեոնի արձանը կա, ով գրավել էր Լեհաստանը։ Ֆրանսիան հանրապետական երկիր է, և առանձնապես չի մաքրում իր բռնապետ-կայսերը՚՚,- ասել է Վլադիմիրը:


Իրականում՝ Վլադիմիրն ավելորդ համեստություն է ցուցաբերել՝ իր հեղինակավոր պապուն դնելով Նապելեոնի ու մյուսների կողքին:


Եթե Անաստասը մեկի հետ նույնանում է՝ դա Ստալինն է՝ իր մարդակուլ քաղաքականությամբ:


Հարցը՝ Միկոյանի հայ լինել-չլինելը չէ. դա արհեստական հարցադրում է: Խնդիրն այն քաղաքական, պատմական ժառանգությունն է, որ իր հետ բերելու է այդ արձանը:


Խնդիրն այն է, որ եթե Միկոյանի արձանը տեղադրում ենք, բարոյական, քաղաքական մի կարևոր տաբու ենք վերացնում, որ վաղն էլ հնարավոր լինի Ստալինի արձանը տեղադրել, մանավանդ որ՝ ստալինապաշտները մեզանում ավելի շատ են, քան՝ միկոյանապաշտները:


Նրանք, ովքեր կողմ են արտահայտվում Միկոյանի արձանի տեղադրմանը՝ նրա անձնական հատկանիշները մեջտեղ չեն բերում, այլ խոսում են այդ ՙՙոսկե՚՚ ժամանակաշրջանի, ՙՙուժեղ ձեռքի՚՚ ֆենոմենի մասին:


Այսինքն, եթե տեղադրում ենք Միկոյանի արձանը, ակամայից լեգիտիմացնում ենք բռնությունը, հերոս դարձնում Ստալինին, միկոյաններին, մեծ ու փոքր մյուսՙՙվեցնոցներին՚՚:


Առանց այդ էլ՝ հիմա Հայաստանում սոսվետիզացիայի ռեստավրացիա է տեղի ունենում. սովետական չեկիստի ու միլիցեքի տոնը մերն ենք համարում, ռուսերենը մեր կենցաղ են ՙՙխցկում՚՚՝ մայրենիի կարգավիճակով: Օրինակները կարող եմ շարունակել, բայց իմաստ չեմ տեսնում:


Ու այս ամենը տեղի է ունենում Հայաստանի եվրասիականացման ֆոնին, երբ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները կարող են քածի պես կոտրատվել Կրեմլի ամեն լաքեյի առաջ՝ միայն թե ՙՙտիրոջ՚՚ կողմից գնահատվեն, նրա չեկիստական ժպտին արժանանան:


Ու ուզոմ եք համոզել, որ այս արձանի տեղադրումն այս ամենի հետ կապ չո՞ւնի...


Պուտինն ու նրա շրջապատը հոգու խորքում պաշտում, աստվածացնում են Ստալինին ու նրա հետ կապված ամեն բան: Երևանի իշխանությունում առոք-փառոք նստած, մոսկվաներում ՙՙկոնյակով, բաստուրմով՚՚ հարց լուծող տղերքը սա շատ լավ գիտեն. ուղղակի էսօրվա ՙՙկոնյակ, բաստուրմեն՚՚ Միկոյանի արձանն է, լրատվական քիլլեր Կիսիլյովի շալվարի փողքերը լպստելը...


Մի ուրշ հարց էլ կա. արձան են դնում, երբ հասարակական կոնսենսուս է լինում:


Միկոյանի արձանի հարցում՝ դա չկա:


Իմ պես բազմաթիվ քաղաքացիներ վճռական ՙՙոչ՚՚ ես ասել սովետիզմին ու բռնությանը:


Ու էդ ՙՙոչ՚՚-ը վերաբերում է նաև Միկոյանի արձանին, որը Երևանն աղբանոցի վերածելու ծրագիր է:


Էդ ծրագիրը իրականություն չի դառնա, որովհետև Երևանը մեր մայրաքաղաքն է, որովհետև մենք արժանապատիվ, ազատ քաղաքացիներ են ու ապրում ենք մեր Հանրապետությունում, որը հերոսների, իրական հերոսների պակաս չունի...

 

 

Սուրեն Սուրենյանց