Իրականում մենք ոչ մի ազատ վիզային ռեժիմի ֆորմատից էլ պատրաստ չենք օգտվելու: Մենք միշտ բողոքում ենք դրա բացակայությունից, իսկ երբ մեզ նման հնարավորություն է տրվում կամ այդ ֆորմատով նախատեսված առավելություններ են տրվում, առաջինը ոչ թե սկսում ենք մտածել այն մասին, թե ինչ օգուտներ կարելի է ստանալ դրանից, այլ սկսում ենք ահաբեկվել ու հաշվել, թե որքան մարդ է արտագաղթելու: Ավելին, տրվում ենք դավադրությունների տեսություններին ու վստահություն հայտնում, որ դրանով ուզում են Հայաստանը հայաթափել, իսկ որպես մեղավոր էլ անպայման կոնկրետ սուբյեկտների ենք նշում: Հետաքրքիր է, որ այդպես ենք վարվում գրեթե բոլոր դեպքերում' անկախ նրանից նորմալ սոցիալ-տնտեսական պայմաններ ունենք, թե ոչ:


Հիմա հայ-ռուսական պայմանավորվածությունների համաձայն' արտագնա աշխատանքի մեկնողների կացությունը մուտքի երկրում' այս դեպքում Ռուսաստանում, զգալիորեն հեշտացել է, աշխատողները համամատաբար ազատվել են մի շարք բյուրոկրատական քաշքշուքներից ու դրանց վրա կոռուպցիոն մեխանիզմներով գումարներ, օրեր ու նյարդեր ծախսելուց: Այսինքն, գոնե այս պահին հույս կա, որ աշխատուժի ազատ տեղաշարժի տեսանկյունից կարող ենք որոշակի դրական արդյունքներ ունենալ: Ընդ որում այս ամենը ոչ մի անմիջական կապ չունի քաղաքացիության ստացման հետ: Ուստի մտահոգությունների մի ամբողջ փոթորիկ սարքելը ընդամենը խոսում է այն մասին, որ մենք չունենք մեր մեջ ներքին ինքնավստահություն, որ մեզ առաջարկում են աշխատանքի հնարավորություն, իսկ մենք անպայման մտածում ենք հայավարի ձև անել էնտեղ մնալու մասին, որ մենք այսօր սպառնում ենք, թե նայեք հա սենց շարունակվի արտագաղթելու եմ և այսպես շարունակ: Ստացվում է, որ մենք նույն լրջությամբ պատրաստ ենք բողոքելու ու մտահոգվելու նույնիսկ այն դեպքում, երբ օրինակ Տուվալույի և Հայաստանի միջև ազատ վիզային ռեժիմ սահմանվի: Իրոք, լուրջ չէ, աշխարհից կտրվելով արտագաղթի դեմ չես պայքարի:

 

 

Կնյազ Սարոյան