Հայաստանի հյուսիսային սահմանում գտնվող Գուգարքի նահանգի (Ստեփանավանի, Թումանյանի, Կալինինի, Նոյեմբերյանի) տարածքը, որը հարուստ է վաղնջական ժամանակներից եկող մշակութային ավանդույթներով, զարգացած միջնադարի երկու փուլերում էլ ապրել է նոր և նշանակալից ծաղկում:
Զարգացած միջնադարյան ժամանակաշրջանի Գուգարքի ճարտարապետություն նույնպես խարսխվել է տեղական և ընդհանուր հայկական վաղ միջնադարյան ավանդույթների վրա, զարգացման նոր աստիճանի հասցնելով այն: Դա իր արտահայտությունն է գտել հիմնադրված վանքերի (Սանահին, Հաղպատ, Հաղարծին, Մակարավանք) ճարտարապետության, քաղաքաշինության, բերդաշինության մեջ:
Շատ չեն Գուգարքում Տաշիր- Ձորագետի կամ Լոռու թագավորության ժամանակաշրջանում կառուցված հուշարձանները, սակայն իրենց ինքնատիպ նկարագրով ուրույն տեղ են գրավում Բագրատունյաց հայկական ճարտարապետության մեջ: Հիմնադրված վանքային համալիրների մեջ (Հաղպատ, Սանահին) վաղագույն եկեղեցական քաղաքացիական շենքերն ունեն իրենց տեղական հորինվածքային և ոճական առանձնահատկությունները:
Սանահնի վանքի ս. Աստվածածին և ս. Ամենափրկիչ , Հաղպատի ս. Նշան եկեղեցիներում (ի տարբերություն Սյունիքի ճարտարապետական դպրոցի եկեղեցիների, ներսից և դրսից սրբատաշ քարերով են կառուցված) առաջին փորձերն են կատարվել «գմբեթավոր դահլիճ» տիպի հորինվածքի հիման վրա ստեղծել դրա նոր ՝ « խաչագմբեթ» կոչված տարբերակը՝ զույգ ավանդատներով նաև արևմտյան կողմից, որի նմանակին կարող ենք հանդիպել Տաթևի վանքի Պողոս Պետրոս եկեղեցում:
Գուգարքի ճարտարապետական դպրոցը տվել է հայկական ճարտարապետությանը աշխարհիկ երկու հուշարձաններ՝ Սանահնի վանքի գրատան և դպրոցի (Մագիստրոսի ճեմարանի) մոնումենտալ ճարտարապետությունը: Աղթամարի տաճարից հետո Սանահնի և Հաղպատի վանքերի գլխավոր եկեղեցիների արևմտյան պատերին ենք հանդիպում կտիտորների (եկեղեցին կառուցողների Խորավանույշ թագուհու որդիների՝ Սմբատ և Գուրգեն եղբայրների երկֆիգուր բարձրաքանդակները):
Անդրադառնալով Գուգարքի հուշարձաններին, կարելի է կամ հարկ է նշել, որ դրանք պատկանում են միջնադարյան Հայաստանի վանքային այն համալիրներին, որոնց կազմավորումը տևական շինարարական գործունեության արդյունք է (10-13-րդ դարեր):
Ռոլանդ Ճռիկյան