Դե ինչ՝ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը ստորագրեցին Եվրոասոցացման համաձայնագիրը: Հատկանշական է, որ այդ երեք պետություններն էլ մինչ այդ ունեցան տարածքային լուրջ կորուստներ: Այս հատկանիշի նմանությամբ Ադրբեջանը ևս կարող էր լինել նրանց հետ միասին, սակայն չկար ու Բրյուսելում ոչ ոք այդ կապակցությամբ աղմուկ չբարձրացրեց ու չծաղրեց Ադրբեջանին, ինչպես դա արվեց Հայաստանի պարագայում: Գուցե Հայաստանի եվրոինտեգրման եվրոպական ջատագովներն էին ավելի ջերմեռանդ, կամ էլ մեր գործընկերները շատ խիստ էին հիասթափվել, որովհետև հակառակ ՀՀ-ում 2013 թվականին անցկացված ընտրություններում Սերժ Սարգսյանին ցույց տված համակողմանի եվրոամերիկյան աջակցության, անակնկալի էին եկել, երբ վերջինս սեպտեմբերի երեքին հայտարարեց, որ Հայաստանի արևն այլևս Արևմուտքում չի ծագում և դեմքով շրջվեց դեպի եվրասիական Արևելք: Ամեն դեպքում, Արևելյան գործընկերության ծրագրի երեք մասնակիցներ այսօր պաշտոնապես անցան Արևմուտքի ճամբարը, մնացյալ երեքից՝ Բելառուսը դարձավ Եվրասիական տնտեսական միության հիմնադիր-անդամ, Հայաստանն այդ միությանն անդամակցելու հայտ ներկայացրեց ու միայն Ադրբեջանն է, որ չի ցանկանում որոշակիացնել իր քաղաքական, տնտեսական ու ռազմական ճամբարը: Թերևս, այդ երկրի համար մեր տարածաշրջանում նոր հատուկ դերակատարում է նախապատրաստվում:
Արման Մելիքյան