Նոստրադամուսն իր դեռ չվերծանված մի կատրենում կռահում է, որ կգա մի ժամանակ, երբ լիքը մարդիկ Էյնշտեյնից ավելի մանրամասն կպատկերացնեն արագության , տարածության և ժամանակի հարաբերակցությունը, Նյուտոնից հազար անգամ լավ կբացատրեն Նյուտոնի օրենքները, Ռիմանից ու Լոբաչևսկուց ավելի լավ կհասկանան տարածության երկրաչափությունը, Մակեդոնացուց, Նապոլենից ու Սուվորովից ավելի լավ ստրատեգներ կլինեն, Կանտից ճշգրիտ կգծեն Բարու և Չար սահմանները և Ինքնին իրի բնույթը կբացահայտեն, Դանթեից ավելի Դանթե, Չարենցից շատ Չարենց կլինեն,Դա Վինչիից ' առավել Դա Վինչի, Բախից լավ' Բախ , Վագներից' Վագներ...
բոլորը հնարավորություն կունենան ինքնահիացմունքի բուռն պահերին ներկայանալ իրենց լավագույն կողմերով' սքանչելի, եզակի, բացառիկ, գեղեցիկ, հանճարեղ, Տիեզերքի կենտրոն ...ու այսպես անվերջ: Նոստրադամուսը խիստ աղոտ է նկարագրում այն հարթակը, որտեղ դա հնարավոր է: Բայց նա ակնարկում է, որ դա հնարավոր կլինի հրեաների հորինած կապի միջոցով, որը մի ուրիշ ջահել հրեայի գաղափարի շնորհիվ կդրսևորվի որպես մեկը մյուսի արտաքին և ներքին բարեմասնություններով հիանալու, զմայլվելու, երբեմն էլ ' դիալեկտիկական կամ ոչ այնքան դիալեկտիկական վեճերի վայր:
«Դա կլինի այնպիսի մի վայր, որ չի նշվի քարտեզների վրա, բայց և ավելի իրական կլինի, քան իրական աշխարհագրական տեղանուններով նշվածները» ' գրում է Նոստրադամուսը:
Կատրենն ավարտվում է ակնարկով, որ այն վերծանողը նման կլինի հոգեբույժին, որ ավելի հիվանդ է , քան իր բոլոր հիվանդները' միասին վերցրած: Իսկ ամենավերջում նա զգուշացնում է, որ այս ամենն առանց ժպիտի կարդացողը կորցրել է կյանքի համը:
Կարինե Աշուղյան