Իմ լուսաթռի՜չ հոգու օրրանը՝ մե՜ղմ գարնանային կանաչով պատված
Փափուկ, զառիկող բլուրի թևին:
Իմ խնդությունն ես և հեքիաթային արփիացնցուղ երջանկությունը՝
Մի՜ կաթիլ միայն մորմոքով իր մեջ:
Իսկ մորմոքը այդ քեզ կորցնելու, քեզ չունենալու վախից է ծնվել:
Երբ կողքիս ես դու, երբ քեզ հետ եմ ես՝ այդ մի կաթիլն էլ ասես չի եղել...
Դու իմ ծիծաղն ես, որ ստիպում է պիրկ փակված շուրթերիս
Վարդաթերթի պես բացվել գեղեցիկ:
Իմ սիրերգությունն ու սիրերգակն ես, որ անմեկնելի համարձակությամբ
Գովերգում է ինձ ու սիրում անհագ...
Դու...
Դու գիշերներիս աստեղաշողն ես,
Եվ արևահունց առավոտներիս շողը այն քնքուշ ,որ արթնացնում է ինձ իմ խո՜ր քնից:
Բայց գիտես ինչպես...
Նու՜րբ իր մատներով ներթափանցում է իմ խառնափնթոր վարսերի հովիտ,
Շոյում է դեմքս, և իր վրձինով նկարում դեմքիս քմահաճ ժպիտ...
Դու իմ երգերի ցավագին վերքն ես, մտորումներիս սքանչագործ ոգին,
Իմ ոսկելազուր աշխարհում մեկն ես, ով ներխուժելով հոգուս խորքերը՝
Բերում է իր հետ բույրերն անցյալի ու ապագայի...
Իմ հարազվարթ ու խենթ էության մե՜ծ երջանկության արձագանքն ես դու,
Ինքնամոռացման ու ինքնասերտման իմ բարդ պատմության հեղինակն ես դու:
Իմ անօթևան հոգու ճո՜խ տունն ես, և իմ սովահար ոգու հացն ես դու,
Իմ ահագնացող սիրո հմայքն ես, Իմ մայրամուտը և լուսայգն ես դու...

 

 

Ն. Ավագյան
26.02.14