Անկեղծ ասած, չէի սպասում, որ անգամ ստեղծված կացության պայմաններում Եվրոպան այդքան կխեղճանար, իսկ այդ խեղճացման ճչան արտացոլումը այսօրվա Վիլնյուսյան գագաթնաժողովն է, որը թեև շատ ներկայացուցչական հյուրեր ու մասնակիցներ ունի, սակայն որևէ շոշափելի առաջընթաց չի տալիս:
Վիլնյուսում են Արևելյան Գործընկերություն ծրագրի մասնակից երկրների պատվիրակությունները՝ նախագահների, վարչապետների ու նախարարների մակարդակով, Վիլնյուսում են բարձրաստիճան ԵՄ պաշտոնավորներ՝ այդ թվում Էշթոնն ու Բարրոզոն, Վիլնյուսում են ԵՄ անդամ երկրների ղեկավարներ... Իսկ միակ բանը, որ ստորագրվել է այս պահին, դա անցագրերի դյուրինացման մասին համաձայնագիրն է Արևելյան Գործընկերության անդամների հետ:
Մինչդեռ, արդեն մի քանի տարի է, ԵՄ ասոցացման հարցը օրակարգային թիվ մեկ հարցերից էր ներգրավված տարածաշրջանում ու դեռ մեկ տարի առաջ քչերը կմտածեին, որ ասոցացում չի ստորագրի Ուկրաինան և չի նախաստորագրի Հայաստանը:
Իրոք, ասես Անդերսենի «Մերկ արքան» հեքիաթի լինենք ունկնրելիս: Ոչ նշանակալից փաստաթղթեր են ստորագրում, նշանակալից փաստաթղթերն էլ ամենայն հավանականությամբ կնախաստորագրեն ոչ նշանակալից երկրներ (թող ինձ ներեն մոլդովացիներն ու վրացիները), բայց այս ամենը մատուցվում պաթոսով ու էլեգանտությամբ, իսկ հանրությունը այն փոքրիկ տղան է, ով բացականչում է. «Բայց արքան մերկ է»...