ՄԱՏԱ ՀԱՐԻ
(1876-1917)
Սթրիպ-պարուհի Մարգարետա Հերտրուդա Զելլեն, կամ ինչպես անվանում էին' Մատա Հարին (բահասա լեզվով' «առավոտյան աչք»), շատ արագ փառքի հասավ Փարիզում, այնուհետեւ' ամբողջ Եվրոպայում: Ժամանակակիցների վկայությամբ նա ինչպես հարկն է պարել չգիտեր, սակայն ուներ մորից (ծննդով Ճավա կղզուց) ժառանգած արեւելյան գեղեցկություն եւ վարպետության պակասը հաջողությամբ լրացնում էր բնական հմայքով:
1916 թ. ֆրանսիական հետախուզությունը պարզեց, որ ֆրանսիացի եւ գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների սիրուհին' Ա աշխարհամարտի տարիներին չեզոք Նիդեռլանդների քաղաքացուհի Հարին, Գերմանիայի լրտեսն է: Հարրին անմիջապես ֆրանսիական հետախուզությանն առաջարկեց իր ծառայությունները, իսկ գերմանական կողմն սկսեց սադրանքները նախկին գործակալի նկատմամբ:
1917 թ. ֆրանսիական դատարանը նրան մեղավոր ճանաչեց «տասնյակ հազարավոր զինվորների մահվան համար» եւ գնդակահարեց: Ականատեսների վկայությամբ' «բարձրաշխարհիկ լրտեսուհին» հրաժարվել է աչքերի սեւ երիզից, ապա օդային համբույր ուղարկել իր դահիճներին եւ բացականչել. «Ես պատրաստ եմ, պարոնա'յք»:
ՀԳ - Գոյություն ունեցող վարկածի համաձայն' նա չէր հավատում, թե իրեն մահապատժի կենթարկեն: