Բոլորիս և մեր երեխաների առողջությունը շարունակում է վտանգվել ամեն օր, ամեն պահի, և ես ցանկանում եմ այսօր գրել այդ խնդրի մասին:
Տարիներ շարունակ հայաստանյան մամուլն անդրադարձել է մանկական սննդի շուկայում տիրող իրավիճակին, հատկապես այն փաստին, որ սահմանային ոչ բավարար վերահսկողության պատճառով Հայաստան են ներմուծվել երեխաների առողջության համար վտանգավոր մանկական կերեր:
Օրինակ՝ մոտ երկու տարի առաջ «Եվրոնյուզով» սենսացիոն տեղեկատվություն տարածվեց «Nestle» կաթնախառնուրդի մեջ արհեստական ներկանյութի հայտնաբերման մասին: Եվրոպական բոլոր խանութներից դրանք հավաքվեցին եւ ոչնչացվեցին, իսկ մեզ մոտ շարունակեցին վաճառվել: Ոչ մեկը պատասխանատվություն չկրեց, իսկ Սննդի անվտանգության ծառայությունը իր ղեկավար Աբրահամ Բախչագուլյանի հետ չգոյության ռեկորդ սահմանեց:
Մինչդեռ խնդիրը ուղղակիորեն կապված է ազգային անվտանգության և մեր ազգի ապագայի երաշխիքների հետ:
Մասնագետները պնդում են, որ սոյայի հիմքով մանկական կերերը, որոնք մեծ խմբաքանակներով ներկրվում են Հայաստան, հատկապես տղա երեխաների վրա այնպիսի բացասական ազդեցություն են թողնում, որ նրանց մեջ կանացի հորմոններ առաջացնելով՝ նպաստում են հոմոսեքսուալության զարգացմանը: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում իրավունք չունեն ՛՛էշի ականջում՛՛ քնելու, երբ խնդիրը վերաբերվում է պետության ապագային:
Խայտառակ իրավիճակ է նաև բանջարեղենի շուկայում. հայ սպառողը չգիտի՝ որտեղից, ինչ ծագմամբ և ինչպիսի որակի սննդամթերք է գնում: Հայկական շուկան լեցուն է թուրքական ծագման վտանգավոր ապրանքատեսակներով, ինչը դուրս է պետական վերահսկողությունից: «Իրազեկ սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը սա լուրջ խնդիր է համարում և ընդգծում, որ հարցը օրենսդրությամբ կարգավորված չէ, ավելին, կառավարությունը հավանության է արժանացրել սննդամթերքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը, որով հարցը մնում է առանց լուծման: Նոր օրենքի նախագծում չի էլ նշվում, որ խնդիրը կարող է կարգավորվել կառավարության որոշումներով կամ իրավական այլ ակտերով:
«Նոր օրենքով խնդիրը չի կարգավորվում: Պետք է ներդրվի որակի կառավարման համակարգ, որը ապահովում է հետագծելիության սկզբունքը, այսինքն իրացման վայրում պարտադիր լինում է, թե որտեղ է աճեցված տվյալ գյուղատնտեսական մթերքը: Անգամ Հայաստանի պայմաններում, պետք է հստակեցվի, թե որ դաշտավայրից է այն եկել, էլ չեմ խոսում դրսից ներկրվածի մասին»,-ասել է Բ. Պիպոյանը:
Նրա համոզմամբ, ճիշտ քաղաքականության պարագայում տեղական մթերքը մրցունակ կդառնա ներկրվածի համար:
«Եթե նման համակարգ ներդրվի ու սահմանային խիստ հսկողություն սահմանվի, այս դեպքում ներկրվածի ինքնարժեքը կթանկանա, պետբյուջեի գումարներով կարելի է սուբսիդավորել տեղական արտադրանքը, ինչի շնորհիվ տեղականի ինքնարժեքը կնվազի: Այս պարագայում ներկրվածի ու տեղականի գները կմոտենան իրար, իսկ մի քանի տարի անց սուբսիդիան պետք չէ»,-ասաց Պիպոյանը:
Սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող Պիպոյանը վստահ է, որ եթե այս պահին շուկայում առկա բանջարեղենի անվտանգության ցուցանիշները ստուգելու համար կամայական մոնիտորինգ արվի, ապա կպարզվի, որ այդ ցուցանիշները սահմանվածից շեղում ունեն և պետք էր երկիր չթողնել:
Պիպոյանը իրավասու մարմինների ուշադրությունը հրավիրում է փաստին, որ թուրքական գյուղատնտեսական ապրանքները գենետիկորեն մոդիֆիկացված են, ինչի մասին հայտարարություններ արել են տարբեր երկրներ. «Մեր երկիր ներկրվող թուրքական գյուղմթերքը ենթարկվե՞լ է փորձաքննության. ես պնդում եմ՝ ոչ»:
Այսինքն՝ պետական մակարդակով թույլատրվում է, որ Հայաստանի քաղաքացիներին հրամցվեն ցանկացած զիբիլ, թունավորված և գենետիկորեն վերափոխված ցանկացած մթերք, այն դեպքում, որ այդ իրողությունները կանխելու համար պետությունը իր գրպանից պահում է մի ամբողջ համակարգ՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:
Այսօր պետական այդ կարևորագույն կառույցը իր հանցավոր անգործությամբ ոչ միայն անիմաստ մսխում է պետական բյուջեն, այլև սպառնում է մեր ազգի գենետիկ անվտանգությանը: Եվ ընդհանրապես, Ծառայության երկարամյա ղեկավար Աբրահամ Բախչագուլյանը կարո՞ղ է ներկայացնել գեթ մեկ դրական փաստ, առաջընթաց, որ իր ղեկավարած տարիներին արձանագրել է ոլորտը:
Ուղղակի խայտառակություն է՝ այս վիճակում այսուհետ հանդուրժել ռազմավարական այս ոլորտը: Պատկան մարմինները պետք է լրջորեն զբաղվեն՝ սննդի անվտանգության բնագավառը անպտուղ կառավարման շրջանից հանելու և ռելսերի վրա դնելու համար:
Ռոման Բաբայան