Մի անգամ ևս կկրկնեմ,որ խոսքի ազատություն չի նշանակում,որ մարդու խելքին ինչ փչի պետք է բարձրաձայնի: Մեր շատ լրագրողներ հենց այդպես էլ հասկանում են խոսքի ազատությունը,բայց կուզեմ խոսել,ոչ թե անհատներին զրպարտողների,կամ օդից վերցրած ինֆորմացիա տվողների մասին,այլ՝ սահմանում գրանցվող միջադեպերի մասին լուսաբանելիս խուճապային տրամադրություններ առաջացնողների մասին: Եթե մարդ ֆեյսբուքով ապրի և իրականությունից կտրված լինի,այս օրերին կստանա տպավորություն,որ Հայաստանում խուճապ է և բոլորը վախը սրտներում ուղեբեռ են հավաքում,որ փախչեն Հայաստանից: Իրականությունը այլ է. մարդկանց մեծամասնությունը նորմալ վարք է դրսևորում և խուճապի մեջ չէ հաստատ: Տարիներ առաջ ևս այսպիսի ցավալի միջադեպեր էին տեղի ունենում սահմանում,բայց ինֆորմացիայի հոսքի սակավ լինելու պատճառով մարդկանց մեծամասնությունը տեղյակ չէր էլ լինում,բայց հիմա բաց է ինֆորմացիան և ով չի ալարում սկսում է սահմանում իրավիճակը ներկայացնել ողբերգական երանգներով: Տպավորություն է ստեղծվում ոմանց նյութերից,որ ահա սահմանին թուրքը անարգել դիվերսիաներ է իրականացնում,իսկ մեր բանակը անզոր է: Հարգելիներս ,եթե ժամանակին սրանից վատ էր վիճակը,իսկ դուք տեղյակ չէիք,դա չի նշանակում,որ հիմա վիճակը ավելի վատ է,իսկ ՊՆ-ն՝ անզոր : Եթե ՊՆ-ն անզոր լիներ դուք հիմա,ոչ թե համակարգչի առաջ խուճապ առաջացնող ստատուսներ և հոդվածներ կգրեիք,այլ՝ մորթված կլինեիք տան մուտքի մոտ: Պետությունը պետք է մտցնի գրաքննություն այս հարցերի շուրջ: Այո ունեմ համարձակություն և ասում եմ,որ պետք է հստակ սահման մտցվի խոսքի ազատության և խոսքի ափռցփռության միջև,իսկ կեղծ լուրեր և խուճապ առաջացնող լուրեր տարածողները՝ ենթարկվեն քրեական պատասխանատվության: Աշխարհում դեմոկրատիայի և խոսքի ազատության առաջամարտիկ ԱՄՆ-ում եթե մեկը փորձի խուճապ ստեղծել,անհապաղ կբանտարկվի.մի եղեք ամերիկացուց ամերիկացի: Մի մոռացեք,որ մեր լրատվական և սոցիալական ցանցերին հետևում է նաև թշնամին,իսկ նրա մոտ նույնպես կարող է տպավորություն ստեղծվել ,որ մեզ մոտ խուճապ է և անցնի հարձակման: Ճիշտ է առաջին օրերից էլ կզգա,որ հիմարություն է արել և սխալվել է,բայց պանդորայի արկղը բացված կլինի երկուսիս համար էլ: Հ.Գ. Անկախ տարաբնույթ հոդվածներից,ՀԱՅ զինվորը անկոտրուն կանգնած է սահմանին,չի մտածում դասալքվելու մասին,իսկ ապացույցը անընդհատ հետ շպրտվող դիվերսիոն խմբերն են:
Տիգրան Մկրտչյան