Խոսքս ուղղում եմ ՀՀ ԿԳ նախարար պարոն Արմեն Աշոտյանին և պատկան մարմիններին


Երեկ ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) ՄՏՇ-215 խումբը մագիստրոսական թեզի պաշտպանության էր, որի արդյունքում թվով 14 մագիստրանտ ստացավ մագիստրոսի կոչում: 14 հոգուց յոթս սովորել ենք պետպատվերի շրջանակում, որը ենթադրում է պետության կողմից ուսման վարձավճարի 100 %-անոց փոխհատուցում: Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությանը ՝ ուսումնառությանս համարյա ողջ գործընթացը (քանի որ միայն բակալավրիատի առաջին կուրսում եմ վճարովի համակարգում սովորել, որից հետո ռոտացիայով տեղափոխվել եմ անվճար համակարգ ու պետպատվերի շրջանակներում ավարտել եմ նաև մագիստրատուրան) անվճար հիմունքներով ապահովելու համար:


Պետպատվեր... եթե միայն փորձենք մի քիչ խորանալ բառի ստուգաբանության մեջ, ստացվում է հետևյալը՝ պետությունը, պետական կարիքը ապահովելու համար, ԲՈՒՀ-ին պատվիրում է պատրաստել մասնագետ, ում ուսումնառության ամբողջ գործընթացը ապահովում է պետբյուջեից հատկացված միջոցների հաշվին: Սակայն մեր խմբի համարյա ողջ անձնակազմը, այսօր կանգնել է փաստի առաջ, քանի որ հետագայում մասնագիտությամբ աշխատանք գտնելու բեռը ընկած է մեր ուսերին: Բոլոր գործատուները հիմնականում առաջարկում են մեխանիկի, բանվորի, փականագործի աշխատանք, որի համար նույնիսկ բակալավրիատը ավարտելը պարտադիր չէ, քանի որ նման աշխատանք ունենալու համար կարելի էր ուղղակի 4 կամ 6 տարի ԲՈՒՀ-ում սովորելու փոխարեն, ամենաշատը 2 տարի լավ մասնագետի մոտ որպես «աշակերտ» վերապատրասվել ու անել նույն աշխատանքը: Հաջորդ խնդիրը, որ մեր խմբում սովորել են աղջիկներ, ովքեր, նույնիսկ ծայրահեղ դեպքում, չեն կարող այդ ծանր աշխատանքային պարտականության բեռը կրել իրենց փխրուն ուսերին:


Արդ՝ հարց եմ ուղղում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին և մնացյալ պատկան մարմիններին ու պետականության ու կառավարման բուրգի գագաթին գտնվող հարգարժան անձանց՝
-Ինչպե՞ս եք պատրաստվում լուծել մեր և մեզ նման հազարավոր ԲՈՒՀ ավարտած երիտասարդների աշխատանքի տեղավորման խնդիրը կամ արդյոք պատրաստվում ե՞ք, թե՝ ոչ: Պատրաստվում ե՞ք արդյոք «տեր կանգնել» ՊԵՏՊԱՏՎԵՐ հասկացությանը, թե՞ մեր ուսումնառության ողջ գործընթացի համար ծախսված այդ բավականին պատկառելի գումարը պետք է փոշիանա ու չծառայի իր նպատակին:


Ի դեպ մեր խումբը ավարտել է բավականին բարձր առաջադիմությամբ. միջինը «լավ» գնահատականներով:


Հարգանքներով՝ ՀՀ երիտասարդ քաղաքացի Գագիկ Մամուլյան