Եգիպտոսը, կարծես, վերադառնում է դեպի ոչ շատ մոռացված պատմական անցյալ, և պարզ է դառնում, որ «արաբական գարունն» ու դրա հետ կապված ժամանակավոր փոփոխություններն ընդամենը մի քանի տարով շեղեցին մերձավորարևելյան այս պետության նախկին բնականոն ընթացքը: 2011թ. հունվարի 25-ի հեղափոխության հետևանքով իշխանությունից զրկված ուժային կառույցների ներկայացուցիչները շուրջ 2 տարի անց արդեն ռազմական հեղաշրջման միջոցով գործնականում հետ վերադարձրին իշխանությունը՝ կառավարման ասպարեզից հեռացնելով հեղափոխական իրավիճակից օգտված իրենց վաղեմի հակառակորդներին՝ «Մուսուլման եղբայրներ» իսլամական արմատական կազմակերպությանը՝ հանձին նախագահի պաշտոնում հազիվ 1 տարի երկիրը նախագահած Մուհամադ Մուրսիի, որ տասնամյակներ շարունակ, ընդհատակից բոլոր հնարավոր թույլատրելի և ապօրինի միջոցներով պայքարել են երկրի կառավարման ղեկը ստանձնելու համար: Եվ ահա, Ալի Մանսուրի ժամանակավոր կառավարությունը, փաստորեն, եգիպտական երրորդ վարչակազմն է, որ արձակելով «Մուսուլման եղբայրներ» կառույցի լուծարման և նրա ղեկավարների ու անդամների կալանավորման հրամանը խստորեն հակադրվել է այդ շարժմանը:
Այսպիսով ներկա գործընթացները հավաստում են, որ Եգիպտոսի դե յուրե և դե ֆակտո իշխանությունները, ավանդական արմատական ընդդիմությանը հեռացնելով իշխանությունից և դարձյալ մղելով ընդհատակ, այլ ելք չեն թողնում շարժմանը, քան վերադառնալու նախկին գործելաոճին:
Եվ ահա, դեռ միայն ընտրարշավի ընթացքում Եգիպտոսի նախկին պաշտպանության նախարար, նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդ Աբդ ալ-Ֆաթահ ալ-Սիսին ստիպված է զգուշանալ իր դեմ կազմակերպվող դավադրություններից, մահափորձերից: Արաբական Հանրապետության անվտանգության ծառայությունից տեղի ունեցած տեղեկատվության արտահոսքից պարզ է դառնում, որ կանխվել են ալ-Սիսիի դեմ մահափորձի մի քանի սցենարներ՝ նախ պայթուցիկով բեռնված ավտոմեքենաների, ապա՝ նաև քաղաքացիական օդանավերի դեմ կազմակերպվելիք հարձակումների միջոցով. սա արդեն հիշեցնում է Եգիպտոսի պատմության նախորդ դարի 50-ական թվականները, երբ «Ազատ սպաների» հեղաշրջումից հետո «Մուսուլման եղբայրները» մահափորձ կազմակերպեցին երկրի նախագահ Գ. Ա. Նասերի դեմ և դարձյալ ձախողեցին:
Ինչ խոսք, արդենիսկ ակնհայտ է, որ Եգիպտոսի ապագա նախագահին և ընդհանրապես, այդ երկրի նոր իշխանություններին, ի թիվս այլ հիմնախնդիրների, լուրջ փորձություններ են սպասվում նաև երկրում անվտանգությունը վերականգնելու տեսանկյունից: Պարզից էլ պարզ է, որ բոլոր առումներով «նվաստացված» և Եգիպտոսի բնակչության մի ստվար զանգվածի աջակցությունը վայելող, իրական և կենսունակ ռեսուրսների տիրապետող «Մուսուլման եղբայրներ» շարժումն այդքան հեշտությամբ չի հանձնվի և կանի ամեն հնարավորը Արաբական Հանրապետության նորընտիր իշխանությունների գործունեությունը խոչընդոտելու և երկրում առկա առանց այն էլ բավականաչափ խրթին իրավիճակը սասանելու նպատակով:
Արմեն Պետրոսյան