Երջանկությունն էլ անձրևի պես մի բան է: Անձրևի նման նա էլ ուժգին թափվում է գլխիդ և մինչ հասցնում ես գիտակցել, որ երջանիկ ես, կտրվում է, անհետանում: Նրանից միայն մնում են ասֆալտի վրա մնացած ջրափոսերը' հիշողությունները: Մեծ անձրևից մեծ ջրափոսեր են մնում, մեծ երջանկությունից' խորը հիշողությունները: Որոշ ջրափոսեր արագ են չորանում, որոշներն էլ դանդաղ և նույնիսկ չորանալուց հետո հետք են թողնում ասֆալտի վրա: Ինչպես հիշողությունները:
Երջանկությունն էլ անձրևի պես մի բան է: Ամենինչ հիշվում է: Օրինակ, թե ինչպես ես սպասել անձրևին, անհամբեր ես եղել, թե ոչ, ինչ երաժշտություն ես լսել, վայելել ես այն, թե միայն պատուհանից այն կողմ' տաք ծածկոցով, թեյը ձեռքիդ հետևել ես, թե ինչպես են երջանկության կաթիլները շրջանցում քեզ, ինչպես ես հետո քայլել փողոցում, զղջացել ես, որ գեթ մեկ կաթիլ չի դիպել մարմնիդ, թե ուրախ ես եղել, որ այդ ժամանակ տանն էիր:
Երջանկությունն էլ անձրևի պես մի բան է: Որոշները վախենում են իրենց բաժին հասած անձրևից: Փակվում են տանը, իրենց երջանությունը տալով ուրիշի: Միչդեռ, մեկ այլ տեղ, մեկը խենթորեն պարում է անձրևի կաթիլների տակ, ամբողջ թոքերով շնչում նրանից մնացած մաքուր օդը:
Երջանկությունն էլ անձրևի պես մի բան է: Թե հասցնես վայելել' փրկված ես, թե ոչ' ամբողջ կյանքդ զղջումով ես ապրում չվայելած ամեն մի կաթիլի համար: Սակայն անձրևն էլ իր վերջն է ունենում: Երջանկության պես: Որոշների համար տխուր, որոշների համար ուրախ: Անհետանում է, կարծես դու չէիր, որ երջանիկ էիր այդ ժամանակ, դու չէիր, որ վայելում էիր ամեն մի կաթիլը: Անհետանում է: Իսկ վերջում...իսկ վերջում ոչինչ չի մնում: