Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի համերգը: Աշխարհահռչակ շանսոնյեի 90-ամյակին նվիրված համերգին մասնակցելու համար շատ-շատ ցանկացողներ կային և բնականաբար տոմսերը, որոնք բավականին թանկ էին, ամբողջությամբ վաճառվել էին դեռևս մայիսի 3-ին: Ընդորում, ըստ լուրերի, վերավաճառողներն այդ տոմսերը վաճառել էին նույնիսկ 1000 դոլարով:
Ես համերգը նայեցի հեռուստատեսությամբ և իհարկե տարիքի հետ կապված կատարումը բնականաբար իդեալական չէր, սակայն բեմի վրա նրա պահվածքը, առանց ընդմիջումների երգելը ընդհանուր առմամբ տպավորիչ էր: Մեր շոու բիզնեսի երիտասարդ երգիչներից շատերը երկու-երեք երգ երգելուց հետո շնչահեղձ են լինում, սակայն Ազնավուրը երգում էր սիրով, ոգևորությամբ և մեծ հուզմունքով…
Ինչպես միշտ, համերգին հիմնականում մասնակցում էին մեր իշխանական էլիտան, օլիգարխներ, գործարարներ, պետական պաշտոնյաներ, նրանց ընտանիքի անդամներ: Սակայն ես համոզված եմ, որ համերգի մասնակիցների առնվազն 70 տոկոսը մասնակցել է միայն գլուխ գովալու, դահլիճում ցուցադրվելու, նոր զգեստ կամ զարդեր ցուցադրելու համար… Հետաքրքիր կլիներ կուլիսներից նայել դրանցից շատերի բութ, անզգա, ձանձրացած, ծամոն ծամող դեմքերը…
Բայց հետաքրքիր կլիներ?...
Ցավոք շանսոնյեի տաղանդի հազարավոր իրական երկրպագուներ հնարավորություն չունեցան նրան ունկնդրել գուցե արդեն վերջին անգամ…

 

 

Ռոբերտ Մելքոնյան