7 տարի առաջ այս օրն էր, երբ քեզ բերեցին մանկատուն:
Իմ կործանված հույսերը կարծես մի նոր շունչ ստացան, երբ դաստիարակը առաջին անգամ քեզ ներկայացրեց խմբին: Դու տարբերվում էիր բոլորից արտաքինով, ներքինով, ամենինչով: Մանկատան խոնավ պատերը պայծառացան, երբ դու քո թախծոտ աչքերը բարձրացրեցիր և նայեցիր ինձ: Միանգամից ես սկսեցի սիրել բոլոր մանկատան երեխաներին, դաստիարակներին, դասերը և նույնիսկ անհամ կերակուրները: Սիրում էի քեզ: Առավել շատ ինձնից և առավել շատ իմ պատկերացրած ծնողներից, որոնց մասին միշտ երազել էի: Երազանքներս կապեցի միայն քեզ հետ և եկավ ժամանակ, երբ ինքս սիրվեցի' քո կողմից:

 

4 տարի առաջ այս օրն էր, երբ մենք լքեցինք մանակատան պատերը և որոշեցինք կյանքի խնդիրներին դիմակայել երկուսով: Ես քեզ հետ էի երբ դու հիվանդ էիր, երբ առողջ էիր, երբ մրսում էիր, երբ վախենում էիր հանկարծակի հաջողություններից, չէ որ դրանք մեզ համար չէին: Ես քեզ ուժ և հավատ էի ներշնչում, իսկ դու գլուխդ դնում էիր ծնկերիս և պատմում, թե ինչքան երջանիկ ենք լինելու: Եվ եղանք:

 

2 տարի առաջ այս օրն էր, երբ մենք ամուսնացանք' երդվելով, որ միշտ իրար հետ ենք լինելու: Ես քեզ արդեն տեսնում էի օրվա ցանկացած ժամին, սուրճ էի պատրաստում քեզ համար և հետևում թե ինչպես ես դու այն խմում: Իսկ դու ամեն անգամ գովաբանում էիր իմ պատրաստած անհամ և վատ սուրճը:

 

1 տարի առաջ այս օրն էր, երբ մենք որոշեցինք նշել մեր ամուսնության մեկ ամյակը: Այս օրն էր, երբ դու չնկատելով դիմացից եկող ավտոմեքենան հանկարծակի փոխեցիր ուղղությունդ և մենք ենթարկվեցինք ավտովթարի:

 

Այսօր հենց այդ օրն է, երբ դու մահացար, իսկ ես ողջ մնացի: Երբ դու ավտովթարից վայրկյաններ առաջ հասցրեցիր գրկել ինձ, որպեսզի ես ողջ մնամ:
Հիմա ես սուրճ չեմ պատրաստում: Ատում եմ մանկատունը և հենց այս օրը: Հենց այս օրը, երբ դու մահացար, իսկ ես ողջ մնացի: Գրողը տանի ես ողջ մնացի...