Անցյալ շաբաթ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հրապարակեց ԼՂ խնդրի կարգավորման վեց սկզբունքները, ոմանց մոտ հակամերիկյան տրամադրություններ սերմանելու բուռն ցանկություն առաջացավ:
Քաղաքականությանն իրազեկ մարդկանց համար՝ դա, թերևս, տարօրինակ էր, որովհետև Ուորլիքն, ըստ էության, նորություն չէր ասել. այլ ընդամենը կրկնել էր այն, ինչը կոչվում է մադրիդյան նորացված սկզբունքներ:
Բնականաբար, ամերիկացի համանախագահի հնչեցրածը պաշտպանվում է նաև մյուս երկու համանախագահների կողմից:
Այսօր հայտարարություն է տարածել ԵԱՀԿ Մինսկի համանախագահությունն, որում մասնավորապես ասված է. «Մենք կողմերին կոչ ենք անում սկսել կառուցողական բանակցություններ, որոնք կբերեն խաղաղ կարգավորման՝ հիմնված այդ տարրերի վրա՝ հակամարտության կարգավորման հասնելու նպատակով։ Նման համաձայնությունն անհնար կլինի առանց հայ և ադրբեջանցի ժողովուրդների վստահության և փոխըմբռնման։ Հայերն ու ադրբեջանցիներն արժանի են ապրել խաղաղ և անվտանգ, և մենք պատրաստ ենք օգնել այդ հարցում։ Երբ ձեռնարկվեն միջոցառումներ, դրանք տեղի կունենան ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության լիակատար աջակցությամբ»:
Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ առաջիկա օրերին որոշակի դժգոհություններ կարտահայտվեն նաև համանախագահներից ընդհանրապես:
Խնդիրն Ուորլիքը կամ մյուս համանախագահները չեն: Խնդիրն ավելի գլոբալ է. մեր քաղաքական համակարգն ընդդիմանում է ցանկացած մեկին, ով կարգավորման կոնկրետ մեխանիզմ է առաջ քաշում:
Լեգիտիմության և որակի դեֆիցիտ ունեցող իշխանության համար՝ status quo-ի պահպանումն ամենաձեռնտուն է:
Նախ, փոխզիջումային որևէ տարբերակ կարող է ցնցումներ առաջացնել երկրում ու հետո՝ Արցախի հարցով կարելի է պայմանավորել ցանկացած դժվարություն, դրա շահարկումով իշխանություն պահել կամ ընտրություն կեղծել:
Մյուս կողմից՝ քանի դեռ Հայաստանում չի ձևավորվել իշխանություն, որը ԼՂ խնդիրը լուծելու համարձակություն կունենա, վստահաբար կարելի է պնդել, որ Հայաստանի իրական զարգացում ապահովող քաղաքականություն գոյություն չունի:

 

 

Սուրեն Սուրենյանց