1923ի հուլիսի 24ին Թուրքիայի հետ Լոզանի կոնֆերանսին, ինչպես հայտնի է, Ռուսաստանն ամեն կերպ օգնեց Թուրքիային՝ նախատեսվող «հայկական օջախի» ստեղծման գաղաարը տապալելու և հայրենիք հայ փախստականների վերադարձն արգելելու համար: Սակայն այդ պայմանագիրը Թուրքիայի հետ ստորագրած երկրներն են եղել Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Հունաստանը, Ռումինիան և սերբերի, խորվաթների ու սլովենների թագավորությունը:
Այդ պայմանագրով Թուրքիայում «ոչ մահմեդական փոքրամասնություններին» հատկացված իրավունքների իրականացման երաշխավորներն ու վերստուգողները պետք է լինեին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Հունաստանը և Ռումինիան: Պայմանագրից անմիջապես հետո «Ոչ մահմեդական փոքրամասնությունների» գլխին եկածը եթե միայն հայկական օրինակով ասենք՝ շատ ծանր էր,-գույքազրկում, աքսորներ /անձնագրերում «Թուրքիա վերադառնալն արգելվում է» նշումով/, մահմեդականացման պարտադրանք, անուն-ազգանունների թրքացում, եկամուտների հարյուրապատիկ հարկում և այլն: 1930ին արդարադատության նախարար Մահմութ Էսսաթը հայտարարեց. «Մարդիկ, ովքեր ծագումով մաքուր թուրքեր չեն, այս երկրում ունեն միայն ստրուկ, ճորտ լինելու իրավունք» :
1929ի թուրքական կառավարության հրամանագրով «Հայերը չեն կարող ծախել կամ կտակել իրենց ունեցվածքը, որը նրանց մահից հետո անցնում է պետությանը… Իրենց տները, դաշտերը և հունձքերը անցնում են թուրք գաղթականներին» : Գավառներում, իհարկե, այլևս հայկական դպրոցներ չկային, իսկ Կոնստանդնուպոլսում Լոզանի պայմանագրով մնացած հայկական դպրոցներն իշխանության որոշումով համալրվում են ծագումով թուրք ուսուցիչներով, որոնց հայ ուսուցիչներից շատ ավելի բարձր աշխատավարձը պետք է վճարվեր հայերի հավաքած դրամով:
Միաժամանակ Կ.Պոլսի թուրք «հասարակական կարծիքին» հղում անելով պահանջվել էր, որ հայկական դպրոցների հայ աշակերտները դասամիջոցներին միայն թուրքերեն խոսեն: Հայկական դպրոցներում հայ երեխաները հայերեն կարող էին խոսել միայն հայերեն լեզվի և կրոնի դասերին՝ դասը պատասխանելիս կամ ուսուցչին հարց տալիս : 1929ին 30.000 հայ գաղթականների (իրականում՝ աքսորյալների) մասին միջազգային արձագանքի շուրջ անգլիական կառավարության ներկայացուցիչների հետ հայերի բանակցությունները դեմ էին առնում «թուրքական կառավարության համար շատ տհաճ կլինի» բանաձևին, իսկ միջամտությունը «վատ հետևանք կունենա խնդրո առարկա փոքրամասնության համար»:
Ինչ որ շատ նման չէ՞ Ղարաբաղի հարցի կարգավորմամբ «զբաղվող» ԵԱՀԿ Մինսկի խմբի ինը երկրների պահվածքին: Մյուս կողմից Թուրքիան Լոզանի պայմանագրի երաշխավոր երկրների հետ անընդհատ աշխատում էր՝ նրանց «լռությունը» տարբեր ձևերով գնելով,- շողոքորթությամբ, փողով, մանր զիջումներով, հոխորտալով, դիվանագիտությամբ... Ինչպես է մե՛ր երկիրն աշխատել Մինսկի խմբի երկրների հետ: Բացի, իհարկե, Ռուսաստանից, որի հետ շա՜տ տքնաջան է աշխատել՝ զիջելով իր ինքնիշխանությունը, իր տնտեսությունը, իր ռազմավարական նշանակության արժեքները՝ «հանուն ռազմավարական դաշինքի», բայց որքան զիջում է՝ այնքան ախորժակը մեծանում է: Գուցե ՀՀ արտգործնախարարությու՞նը կարող է ասել:
Հրանուշ Խառատյան