Խոսքի ազատությունն, ինչ խոսք, լավ բան է որպես այդպիսին: Սակայն ինչպես ցանկացած լավ բան, այն կարող է հակառակ ազդեցություն ունենալ և իսկական արհավիրքի վերածվել՝ չարաշահելու դեպքում: Խոսքի ազատություն ասվածը չպետք է իրենից ենթադրի ցանկացած ցնդաբանության հրապարակում , չպետք է նպաստի ամեն հերյուրանքի տարածմանն ու բարձրաձայնմանը: Հին ու բարի ժամանակներում, երբ չկար այս ամենազօր խոսքի ազատություն ասվածը, երեխաներին հնարավոր էր լինում ինչ-որ կերպ սաստել և դաստիարակել ( իհարկե խոսքս չի վերավերվում բռնությանն ու վիրավորանքներին): Բայց այսօր նույնիսկ նկատողություն անել չես համարձակվի, քանզի խոսքերդ կարող են փոխակերպվել ու օգտագործվել քո դեմ: Այն ժամանակ ծիծաղում ու նույնիսկ ծաղրում էինք եվրոպական արժեհամակարգի այս տեսակը, երբ ծնողն իր երեխային դաստիատակելու համար կարող էր քրեական պատասխանատվության ենթարկվել: Սակայն այդ երևույթն արդեն այստեղ էլ է լայն տարածում գտնում: Իհարկե լավ է, երբ թեժ գիծ գոյություն ունի, երբ հասարակությունն իրազեկ է և լուսաբանելով թերությունները՝ կարողանում է ինչ-որ կերպ նպաստել դրանց լուծմանը: Բայց չպետք է չարաշահել այդ ռեսուրսը, հակառակ դեպքում որպես արդյունք կստանանք այնպիսի անսանձ հասարակություն, ինչպիսին մեզ այսօր մատուցում է Եվրոպան:
Հ.Գ. Խոսքս դաստիարակության ու կրթական մեթոդների մասին է, խնդրում եմ չքաղաքականացնել:

 

Մարիամ Առուշանյան