Ռուսական քարոզչությունն ու փաստերի խեղաթյուրման ունակությունը չափ ու սահման չի ճանաչում: Այսօր ինձ գրում էին Մոսկվայում բնակվող հայ ընկերներս ու ապշած, զարմացած, վիրավորված էին ռուսական լրատվական դաշտի անթաքույց ստախոսությունից, թե ինչպես էին երեկ նրանք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը վերագրում բացառապես ռուս ժողովրդին: Ուզում եմ նորից հիշեցնել, որ Խորհրդային Միության մյուս ժողովուրդների հետ մեկտեղ, Խորհրդային երկրում ինչպես նաև եվրոպական երկրներում բնակվող հայ ժողովուրդը ակտիվ մասնակցություն է ունեցել ֆաշիստական ռեժիմի հաղթահարման գործում: Շուրջ 650000 հայ մասնակից , որոնցից գրեթե 350000-ը զոհվել է: Հայաստանում կազմավորվեցին և համալրվեցին 61-րդ, 89-րդ, 151-րդ, 236-րդ, 320-րդ, 390-րդ, 408-րդ, 409-րդ հրաձգային դիվիզիաները: Հայերը ծառայում էին սևծովյան նավատորմում:Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացավ հայ ժողովրդի 106 զավակ: Եվս 10 հայաստանցի արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման: ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանն ու օդաչու Նելսոն Ստեփանյանն այդ կոչմանն արժանացան կրկնակի:
64 զինվորական արժանացել է գեներալի կոչման:
Հայ զորահրամանատար Հովհաննես Բաղրամյանը զբաղեցնում էր ռազմաճակատի հրամանատարի պաշտոնը, 3-ը' բանակի, 6-ը' կորպուսի, 28-ը' դիվիզիայի, 100-ը' բրիգադի ու գնդի հրամանատարներ էին: 80000 հայ պարգևատրվեց մեդալներով ու շքանշաններով…
Պատմության խեղաթյուրման և հաղթանակի գործում մյուս ժողովուրդների ներդրման նսեմացումը ևս ՌԴ պետական քաղաքականություն է, Խորհրդային երկրի, որպես բազմազգ ու հավասար հանրապետությունների մասնակցությամբ պետության վերախմբագրում, որը ռուսական կայսերապաշտական ծրագրի անքակտելի մասն է: Դա պատմական փաստերի խեղաթյուրում է, հաղթանակի ուզուրպացիա, իսկ ստի վրա որևէ բան կառուցել չի կարելի, դա կործանարար ու անհեռանկար ինքնախաբեություն է:

 

Զառա Հովհաննիսյան