Տոնական օրերին Ծիծեռնակաբերդի բարձրունքից և <> զբոսայգուց նայելով Երևան քաղաքի տեսարանին սրտի ցավ ապրեցի և ահավոր հիասթափություն…Հիասթափություն ինձանից, իմ հարազատ քաղաքի բնակիչներից, իմ երկրի քաղաքացիներից…Ամոթի զգացում այն պաշտոնյաների, ճարտարապետների համար, որոնց գործունեության, անգործունեության կամ լուռ անտարբերության արդյունքում տարիներ շարունակ խաթարվել է մայրաքաղաքի, ինչու չէ նաև հանրապետության մյուս քաղաքների տեսքը, քաղաքաշինական նորմերն ու ճարտարապետական լուծումները:
Չկար իմ պատանեկության, իմ երիտասարդության կանաչի մեջ թաղված, համաչափ, գեղեցիկ, իր դիմագիծն ու կոլորիտը, իր հստակ կառուցվածքն ունեցող Երևանը…Այն դարձել է անտրամաբանական, տձև, անհամաչափ, տարատեսակ, տարաոճ շենքերի մի կոնգլոմերատ, մի ամորֆ մարմին…
Սա այն Երևանը չէ, որտեղ դու տանն ես…Սա մի Ֆրանկեյնշտեյն է' հրեշակերպ, այլանդակված, կարկատած, կպցրած օրգաններով…Գրեթե վերացել են զբոսայգիները, աղավաղվել թամանայանական այն գեղեցիկ, համաչափ, միաոճ, հիասքանչ Երևանը, որի բակերից, ազատ տարածքներից, այգիներից, պուրակներից տեկտոնիկ շարժումների հետևանքով առաջացած քարաբեկորների, ժայռաբեկորների նման, ներկայումս ցցվել են հազվադեպ գեղեցիկ և ավելի հաճախ անճոռնի ինչ-որ շինություններ...
Չէ’, Ֆրանկեյնշտեյն է դարձել Երևանը' 60-70-ականնների Երևանի ուրվականը, այդ տարիների Երևանի զոմբին…
Դա ազդել և ազդում է նաև մարդկանց վրա…Երևանի բնակիչների մեծ մասն էլ է այդ տեսակը դարձել' կամ կատաղած կամ շատ անտարբեր ու ամորֆ…
Չնայած վերջին տարիներին դրական միտում կա' թե հասարակությունը, քաղաքացիներն են ավելի պահանջատեր դարձել, թե պաշտոնյաներն ավելի պատասխանատու և զգուշավոր:
Ռոբերտ Մելքոնյան