Օսմանյան կայսրության եւ Թուրքական Հանրապետության դարաշրջանի փաստաթղթերը փակ են, ոչնչացաված են կամ էլ չեն դասակարգվել: Այդ մասին «Bianet» կայքին տված հարցազրույցում հայտարարել է թուրք հետազոտող Մեհմեդ Փոլաթելն ի պատասխան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պնդմանն այն մասին, որ արխիվները բաց են Հայոց ցեղասպանության հետազոտությունների համար:
«Գլխավոր շտաբի արխիվները միայն թղթի վրա են բաց, սակայն գործնականում փակ են: Խնդիրներ են առաջանում նույնիսկ բաց արխիվներում այն պատճառով, որ փաստաթղթերը կամ դասակարգված չեն, կամ բացակայում են»,- նշել է Բողազիչիի համալսարանի ասպիրանտ Մեհմեդ Փոլաթելը: Այս պահին նա աշխատում է դոկտորական ատենախոսության վրա Աթաթուրքի սկզբունքների եւ թուրքական հեղափոխության պատմության ինստիտուտում օսմանյան դարաշրջանում հայերի բռնագրավված ունեցվածքի եւ հողային պահանջատիրության թեմայով: «Կան հեռագրերը, սակայն չկան պատասխաները: Նույնիսկ բաց արխիվներում փաստաթղթեր են պակասում»,- ասել է հետազոտողը:
Նրա խոսքով՝ այժմ հետազոտողները օսմանյան ու հանրապետական արխիվների մուտքի հնարավորություն ունեն, որոնք գտնվում են վարչապետի Պետական արխիվում: «Մենք կարող ենք տեսնել փաստաթղթերը, այդ թվում նաեւ ոչ գաղտնի, մասնավորապես Ներքին Գործերի նախարարության փաստաթղթեր, որոնք վերաբերում են ցեղասպանության դարաշրջանին: Այն, որ արխիվները բաց են, չի նշանակում, որ բոլոր փաստաթղթերն այնտեղ են: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին հանրապետական դարաշրջանում արխիվներում փաստաթղթերը կամ ոչնչացվեցին, կամ գաղտնավորվեցին: Օրինակ, թեեւ նահանգապետերին եւ նրանց տեղակալներին ուղղված հեռագրերը կան, մենք չենք կարող գտնել դրանց պատասխանները: Նման թերություններն էականորեն բարդացնում են հետազոտողների աշխատանքը: Այդ կերպ անհրաժեշտ է դառնում ցեղասպանության վերաբերյալ այլ արխիվների համեմատական ուսումնասիրությունը»,- նշել է Մեհմեդ Փոլաթելը:
Ինչ վերաբերում է ռազմական արխիվներին, հետազոտողը հայտարարել է. «Ռազմական արխիվներըը դե ֆակտո փակ են, բայց ես հույս ունեմ, որ վարչապետի վերջին հայտարարությունից հետո այդ արխիվները կբացվեն: Ռազմական արխիվները հետազոտողների համար բաց են միայն թղթի վրա: Օրինակ, հետազոտություն իրականացնելու համար պետք է հայտ ներկայացնել արխիվ, որի պատասխանը գալիս է գնահատումից մեկ ամիս հետո: Թեման, որի վրա աշխատում ես, կամ քո հայացքները կասկածելի են թվում, քեզ կարող են մերժել: Մերժման ժամանակ ոչ մի հիմնավորում չի ներկայացվում: Եթե քեզ թույլ են տալիս հետազոտություն իրականացնել, ապա թույլ են տալիս տեսնել միայն այն փաստաթղթերը, որոնք առնչություն ունեն քո թեմայի հետ: Դու չես կարող տեսնել փաստաթուղթը, որի համար հայտ ես ներկայացրել, եթե արխիվը վարողը համարի, որ այն կապ չունի քո թեմայի հետ»:
Երկրորդ, Փոլաթելի խոսքով՝ ռազմական արխիվները ամբողջությամբ չեն դասակարգվել եւ կատալոգների համակարգը, ներառյալ փաստաթղթերի սեղմագրերը, փակ է հասարակության համար: «Դրա համար էլ մենք այդ արխիվներում պահվող փաստաթղթերի մասին տեղեկանում ենք նրանցից, որոնք այնտեղ հետազոտություն են իրականացնում: Իրականում դա պետք է առցանց հասանելի լիներ հասարակության համար: Բացի այդ, բոլոր փաստաթղթերը, որոնք առնչություն ունեն օսմանյան ժամանակաշրջանին, պետք է փոխանցվեն օսմանյան արխիվ: Արխիվների այդպիսի բազմազանությունը բարդացնում է հետազոտությունները»,-ամփոփել է թուրք հետազոտողը:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի Հանրապետության վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «1915թ. իրադարձությունների առնչությամբ» հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Այս օրը, որ առանձնակի նշանակություն ունի մեր երկրում եւ ամբողջ աշխարհում ապրող հայ քաղաքացիների համար, արժեքավոր հնարավորություն է ընձեռում պատմական իրադարձությունների վերաբերյալ կարծիքների ազատ փոխանակման համար: Չի կարելի հերքել, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիները, նրա միլիոնավոր թուրք, քուրդ, արաբ, հայ եւ այլ ազգությունների քաղաքացիների համար' անկախ կրոնական եւ էթնիկ պատկանելությունից, բարդ եւ դառը իրադարձություններով լի ժամանակահատված են եղել»:
Հարություն Հարությունյան