1986 թվականն էր:
Գուսան Աշոտը նոր երգ էր գրել, բերել խմբագրություն, մշակույթի բաժին: Ուզում էր, որ թերթը տպագրեր, ժողովրդի մեջ մասսայականցվեր՝ նախքան կսկսեին բարձր բեմերից հնչեցնել:
Ոգևորված կարդաց, վերջացրեց և նայեց դեմքիս՝ իր տողերով դեռ հիացած, ժպտուն: Առաջին պահին՝ չիմացա ինչ ասել, լռել էի: Գիտեի, որ Գուսանը սպասում է միայն փոխադարձ հիացմունքի և գովասանքի:
Երգը նվիրված էր Գորիսի գյուղերին, նրա աշխատավոր մարդկանց, որոնք երջանիկ և գոհ բերք ու բարիք են արարում օրնիբուն: Այսպիսի մի տող կար, հիշում եմ. ,,մեր բերքը ծով է, մեր քեֆը լավ է էս տարումը…,,
Տողերն, անկեղծորեն, առանձին շատ պարզունակ էին թվում, բայց նա մեր Գուսանն էր, և անվերապահ ընդունելի էր նրա ամեն բառը, ամեն երգը՝ հաստատագրված արժեք:
Առանց իմ խնդրանքի, Գուսանը սկսեց երգել նոր գրած երգը՝ ծերունական վետվետուն, դողդոջ ձայնով: Տպավորությունն անմիջապես փոխվեց՝ թե ակնածանքից, թե՝ հուզմունքից, որ ծեր Գուսանը նստել է իմ կաբինետում և երգում է…
Երկրորդ անգամ երգելուց՝ արդեն ես ու բաժնի աշխատող Ալինան էլ ձայնակցում էինք նրան, և աշխատանքային այդ պիկ ժամին կաբինետը վեր էր ածվել մի փոքրիկ համերգասրահի:
Գուսանն ասես յոթերորդ երկնքում էր. նա շրջապատված էր զույգ երիտասարդ աղջիկներով, որոնց աչքերին գորովանքով նայելով, ասես չափ տալով և նոտաներին հետևելով, ինքն էլ վերացած երգում էր:
Հանկարծ, այդ ուրախ վերացման մեջ, կաբինետիս պատը մի քանի անգամ ուժեղ ցնցվեց. արդեն վաղուց թոշակառու բայց համառորեն երիտասարդ ձևացող իմ չար ու բարի խմբագիրն էր:
Մենք նստում էինք կից կաբինետներում, և նա հաճախ էր պատին խփելով, որևէ մեկիս կանչում, կամ ինչ-որ բան հասկացնել տալիս, երբ աղմկում էինք…/Այդ ժամանակ դեռ մեր կաբինետներում տեղավորված չէր ներքին զանգային սիստեմը, և ամեն ինչ ավելի պարզ ու մարդկային էր…/:
Ուշադրություն չդարձրինք, շարունակեցինք երգել մինչև վերջ՝ չուզենալով Գուսանին ընդհատել, գուցե և՝ վիրավորել…
Գուսանի երգի տեքստը ձեռքիս էր: Խնդրեցի մի քանի րոպե սպասել և ինքս մտա խմբագրի կաբինետ:
Դեռ խոսք չասած՝ խմբագիրս ողբալի և հեգնական ժպիտը դեմքին երկար-բարակ ծաղրեց.
-Վայ-վայ, էս ինչ մանկապարտեզ եմ հավաքել գլխիս…Բան ու գործ թողած՝ հիմա էլ երգում են՝ ձեններդ գլուխները գցած..Քանի՞ անգամ ասեմ, այ աղջիկ, որ սա խմբագրություն է, մանկապարտեզ չէ…մնում է՝ ձեզ համար արդեն կաթ էլ բերեմ, որ խմեք, քնեք…
Գնա, գնա աշխատիր, ամոթ է, էդ մանկամտությանն էլ վերջ տվեք…
Սա խմբագրություն չէ, մսուր-մանկապարտեզ է, պետք է ցախավելը դնել, բոլորիդ ավլել, դուրս թափել…
Ուշադիր լսելուց հետո, ցանկացա խմբագրին անակնկալի բերել, սթափեցնել.
-Ընկեր Ղազարյան,-ասացի,-Գուսանն է եկել, նոր երգ է բերել, փորձում էինք…
Խմբագիրս ամենևին անակնկալի չեկավ, ավելի ծաղրալի դարձավ, նրան հեչ դուր չեկավ, որ Գուսանը եկել և իր լրագրողներին երգացնում է՝ իր ծեր հալովը…
-Հա, Գուսանը եկել է որ ի՞նչ…Երգ է գրել, թող ինքն իր տանը երգի, սա համերգի դահլի՞ճ է…
Գնա, գնա, աշխատիր, Գուսանին էլ ասեք՝ թող էդ երգը տանի կուլտուրայի բաժին, էնտեղ երգեն…
Երգի տեքստը դրեցի խմբագրի առջև և խնդրեցի կարդալ, որ հետո խմբագրեմ ու հանձնեմ մեքենագրուհուն՝ շարելու:
-Այ աղջիկ, ես ասում եմ՝ դու քո՞նն ես շարունակում...Հազար հոգս ունենք, սա՞ է մեր խնդիրը...Տար, ժամանակ չունեմ...
Բայց և այնպես խմբագիրը մոտ քաշեց թուղթը և սկսեց կիսաձայն, դիտմամբ տառ-տառ անելով կարդալ: Երբ հասավ աշխատավորների լավ քեֆին և ուրախությանը՝ էս տարումը տողին, ավելի բարձրացրեց ձայնը և ամբողջովին ծաղր և չարախնդություն դարձավ, սկսեց ոգևորվել՝ իր ակնհայտ տեղեկացվածությունից և Գուսանի անհիմն տողերից.
-Այ աղջիկ, դե քեզ ինչ ասեմ, դու էլ ախր անգրագետ ես, էստեղ սաղդ հավաքածու եք...Գուսանը ի՞նչ գիտի գյուղերի մասին, որ ասում է էս տարումը քեֆները լավ է...Հենա երաշտն ու ցեցը կերել են դաշտերը, էս տարի բերքի վիճակը շատ վատ է..
Սա որ տպենք, բոլորը կծիծաղեն մեզ վրա, էն գյուղացին էլ կծիծաղի...
Այսինքն քեզ ինչ՞ եմ ասում, դու էլ հիմարի մեկն ես...Տար տուր Գուսանին, ասա, էս տարի գյուղերի վիճակը խայտառակ է՝ բոլոր գծերով...Ամոթ է, ամոթ, ես էլ ասեմ՝ ինչ են ձենները գցած գլուխները, երգում...
Դուրս եկա՝ խմբագրի ողբալի՝ վայ, վայ, մսուր մանկապարտեզ է էս անտեր հիմնարկը մռթմռթոցի տակ...
Ասեմ, որ խմբագրի այս կարգի դիտողությունները մեզ համար արդեն ծիծաղի և հումորի անսպառ աղբյուր էին և ամենևին չէինք ազդվում...ճճճ
...Հաջորդ օրը, աշխատանքից տուն գնալուց, Գուսանին տեսա՝ իր բակում տխուր և մոլոր կանգնած: Չգիտեմ ինչու՝ ցանկացա մի բառով սփոփել՝ ասես ներողություն հայցելով.
-Չվշտանաս, Գուսան,- ասացի,- դու մնալու ես, իսկ խմբագիրները՝ գնալու են:
Գուսանը ոչինչ չասաց: Մի ծուռ և երախտագետ ժպիտ հայտնվեց շուրթերին:

 

Սուսաննա Բաբաջանյան