Երեկուայ օրն անցաւ աննկատ ու լուռ, մինչդեռ իմ կեանքի բացառիկ ծանր օրերից մէկն էր ապրիլի 29-ը։ Ուղիղ 40 տարի առաջ այդ օրը ինձ արդէն 4 տարի «կագէբէ»-ի բանտերում եւ գուլագեան կալանավյրերում անցկացրած եւ արդէն երկրորդ անգամ կեղծ՝ վարչական հսկողութեան խախտման մեղադրանքով 2 տարուա ազատազրկման դատապարտուած մարդուն, նոր մեղադրանք ներկայացրին, որով նախատեսւում էր 10 տարուայ կալանք յատուկ ռեժիմի (ռեցիդիվիստ) կալանավայում եւ 5 տարուայ աքսոր։ 25-ս չէր լրացել ու առաջին կալանքից յետոյ ընդամենը 9-10 ամիս էի տանը եղել։ Առերեւոյթ ոչինչ ցոյց չէի տալիս, բայց հասկանում էի, որ դա իմ վերջն է։ 7 ամիս անց դատախազը այդքան էլ պահանջեց՝ ճանաչել ռեցիդիվիստ եւ դատապարտել 10 տարուայ ազատազրկման յատուկ ռեժիմի կալանավայրում եւ յետգայ 4 տարուայ աքսորի։ Մինչեւ հիմա էլ չեմ հասկանում, թէ Գերագոյն դատարանի դատաւոր Դանիէլեանը ինչպէս ինձ «ռեցիդիվիստ» չճանաչեց եւ չդատապարտեց «յատուկ ռեժիմի»։ Աւելին՝ 10 տարուայ փոխարէն 7 տարուայ ազատազրկում նշանակեց։ Օրէնքն հստակ էր ասում, առանց բացառութիւնների՝ երկրորդ անգամ որպէս «պետական յատուկ վտանգաւոր յանցագործ» դատուող անձը պէտք է կրկնայանցագործ՝ «ռեցիդիվիստ» ճանաչուի։ Ես մտածում էի, թէ «կագէբէ»-ն է բարիացել, թէ չէ դատաւորն ո՞վ էր, որ ինքնուրոյն որոշում ընդուներ, բայց ի զարմանս ինձ որոշ ժամանակ անց գնդապետ Ծատուրեանն արտայայտեց իր դժգոհութիւնը.«կարողացար խաբել դատաւորներին...» Դրանց 7 տարին մանրուք էր թւում, եւ իսկապէս, երբ այդ կալանքս էլ աւարտին էր մոտենում՝ 1980-ին նոր մեղադրանք ներկայացրին եւ ժամկետս 3 տարով աւելացրին ու տարան քրեական կալանավայր (Իրկուտսկի մարզի հիւսիսային կողմերը)։ «Խաբել» ասելով Ծատուրեանն հաւանաբար նկատի ուներ դատարանում հնչեցրածս «Վերջին խօսքը», որն այն ժամանակ ցնցել էր բոլորին (տպուել է մի քանի տասնեակ լեզոււներով)։ Հիմա դա ամեն դպրոցականի պիտի ծանոթ լիներ, բայց մարդակերպ ճիճուները էլի կը յուզուէն.«Պարոն Հայրիկեան, ինչու՞ եք դրա մասին Դուք ասում։ Թող ուրիշներն ասեն»։ Պատասխանս՝ «Թող ասեն, ես դէմ չեմ։ Բա ինչու՞ են այսքան ժամանակ լռում։ Դասագրքերում էլ ազգային ազատագրական պայքարի մասին խօսում են որպէս այլախոհական շարժում։ Ընկերներիս մեծ մասն արդէն չկայ։ Ես էլ կարող էի չլինել ու, բնականաբար, մի օր չեմ լինելու։ Էդ որտե՞ղ են ձեր ասողները, թէ՞ էնքան չեն ասել, որ վերածուել են ան-ասունների, այսինքն՝ չխօսողների։ Խաբեք ձեզ ու ձեր նմաններին։ Իմ ստեղծած մեծագոյն արժեքը իմ կենսագրութիւնն է՝ ազգային քաղաքական կեանսագրութիւնը՝ նրան ուղեկցած ստեղծագործութիւններով, ու որպէսզի մենք ապագայ ունենանք, այն պիտի պատկանի մեր ժողովրդին, լինի իւրաքանչիւր երիտասարդի սեղանին։ Եւ որքան շուտ, այդքան լաւ։ Եւ թող ոչ ոք չերազի, թէ ես պիտի յոյսեր կապեմ ճշմարտութիւնն ասելը մոռացած, այսինքն ԱՆ-ԱՍՈՒՆ դարձած ողորմելիների տրամադրութիւնների կամ հասունացման հետ»։
Վերադառնամ օրուայ խոհերին․ ասում են այդ դատաւոր Դանիէլեանը բոլորիս յայտնի Կարինէ Դանիէլեանի հայրն է եղել։ Օրհնեալ լինի։ Իսկ օրը, այդ օրը, միեւնոյնն է 40 տարի անց էլ յիշում եմ որպէս տաժանագին մի երեւոյթ եւ դրա ոչնչացնող շնչին , հաւանաբար, կարողացայ դիմակայել այդ օրերին գրածս երգերով՝ «․․․Թէ մեղաւոր եմ, գէթ առայժմ գթա ինձ, Թող կռուեմ եկ կռուելով տամ հոգիս...»
Երեկոյեան հիւրեր ունէի՝ 5-ը ֆրանսիայից, 1-ը Սիրիայից ու մենք․ ընդհանուր 14 հոգի։ Տօնական օր անցկացրինք ու զարմանալի բան, եւ հայրենասէր հայ մարդկանց յիշեցինք, եւ զոհուած մեր ընկերներին (Յարութիւն Շաշիկեանին, Մեսրոպին՝ եղբայրն էր եկել 92 թուականի տեսաերիզ տանելու), եւ կանանց ու այլ բաներ, բայց ողջ ընթացքում չյիշեցի 1974թ.ի ապրիլի 29-ը։ Լա՞ւ է․ երեւի։

 

 

Պարույր Հայրիկյան