Ամուսինը, որ խելացի մարդ էր, ժամանակին՝ նաեւ կարդացած, թէեւ հեռու էր գործնական քաղաքա-կանութիւնից, բայց այլեւս չէր խուսափում անկաշկանդ խօսք ու զրոյցի մասնակցել, չէր խուսափում նոյնիսկ վիճաբանութիւնների մէջ մտնել: Կինը վստահ էր որ նա միշտ թաքցրել է մտքերն ու նկատառումները եւ վիրաւորանքի պէս մի բան էր զգում... Ի վերջոյ, երեք տղայ էր ծնել, մեծացրել, դաստիարակել: Մեծն էլ արդէն բարձրագոյնի ուսանող էր... Ինչ եւ է... Ամուսինը իր այդ հետաքրքիր մտքերը պէտք չէ թաքցնէր... Չի՞ վստահել... Տիրուհու մտքով չէր էլ անցնում, թէ այդ մտքերը կարող են ձեւաւորուած լինել շատ աւելի ուշ: Յամենայն դէպս, վերջին չորս‐հինգ տարիներին կողքից դիտելով այն ամէնը, ինչ տեղի էր ունենում ոչ միայն աշխարհի կամ փլուզուող երկրի, եւ կամ նոյնիսկ այս աւերուող քաղաքի մէջ, այնուհանդերձ, այդ ընդհանուր խառնարանի կամ, ինչպէս բարձրաշխարհիկ միջա¬վայրի մէջ սիրում էին ասել՝ բարդակի մէջ, իր գործերը առաջ տանելու մտահոգութեամբ ամուսինը սկսել էր սիրով զրուցել, դատողութիւններ ու եզրակացութիւններ անել:
«Ռուսաստանը ինքն է եղել առանց հիմքի... Ո՛ւր մնաց թէ նրա ստեղծած կայսրութիւնը հիմնաւոր լինէր,— սիրում էր կրկնել նա:— Խոշորանալով իր նուաճած մեծ ու փոքր, անօգնական ու մոլորուած ցեղերի հաշուին, նա միշտ ինքն իրեն ներշնչել է թէ հիմքեր է գցում ու ամրացնում: Այնինչ, երկրագնդի վրայ մի սովորական ուռուցք է սկսել աճել Ստենկա Ռազինից էլ դեռ շատ առաջ, որովհետեւ քաղցկեղի բնոյթն է այդպիսին. քաղցկեղը պէտք է խոշորանայ, չորս բոլոր պէտք է տարածի իր ճանկերը, եւ մի օր էլ սպանի երկիրը եւ երկրի հետ էլ իրեն»: Բանը բանից անցնելուց յետոյ էլ այսպիսի դատողութիւնները Ռուսաստանի մասին բնաւ մոդայիկ չէին, եւ բարձրաշխարհիկ միջավայրի մէջ մարդ կարող էր կորցնել դէմքը: Միջավայրը միշտ էլ որոշակի վերապահութիւն ունէր բոլոր նրանց նկատմամբ, ովքեր համարձակւում էին կասկածել տիրակալի մեծահոգութեանն ու բարեացակամութեանը: Մենք չենք ուզում յանձնառու լինել եւ բացատրել, թէ որոնք են այսպիսի մտայնութեան բուն պատճառները, թէեւ ինքներս համոզուած ենք, որ խնդիրը ազգային ստրկամտութիւնն է: Յամենայն դէպս, երբ Աֆղանն ու նրա հեռաւոր կամ մօտիկ ազգականը իր կնոջ ու երեք տղաների հետ յայտնուեցին նոյն կտուրի տակ, թւում էր, թէ տեսակէտների բախումները դառնալու են տարաձայնութիւններ, իսկ տարաձայնութիւններն էլ վերածուելու են խոշոր հակասութիւնների՝ դրանցից սկիզբ առնող բոլոր հնարաւոր հետեւանքներով:
Բայց ամէն ինչ հունի մէջ ընկաւ, թէեւ առանձնապէս ոչինչ դուրս չէր եկել իր ափերից: Եւ միակ անբնականը նրանց կեանքի այս հանդարտ ընթացքն էր մի իրականութեան մէջ, երբ թւում էր, թէ պակասը առայժմ ջրհեղեղն է կամ երկնքից թափուող կրակը:
Կարէն Ա. ՍԻՄՈՆԵԱՆ, «HOMO DEI կամ Բիբլիական Պատմութիւն», Երեւան, 1996, 2006։

 

Կարեն Ա.Սիմոնյան