Կոմիտասի աշակերտուհի եւ երկրպագու Մարգարիտ Բաբաեանը պատմում է. տնտեսական սուղ պայմաններում ապրող Կոմիտասը մի անգամ իրենց այցելելից, մայթեզրին նկատում է մաշուած մի քսակ: Կանգ է առնում ու վերցնում. “Ո՞ւմ քսակը կարող է լինել: Իհարկէ' ոչ ունեւոր մարդու”: Բաց է անում ու ծանոթանում քսակի պարունակութեանը. մի քանի ֆրանկ ու մանր դրամներ: Բայց որտեղի՞ց գտնել քսակի կարիքավոր տիրոջը, որ երեւի, յուսահատ դեսուդեն է ընկնում հիմա: Ժամադրութեան ու ճաշի շտապող Կոմիտասը քարացած մնում է տեղում' անձկութեամբ նայելով անցորդներին: Ով կորցրել է' շուտով կը յայտնուի: Եթէ հեռուից երեւում է շատ համեստ հագնուած մեկը, վարդապետը յոյսով է լցւում, բա՜յց… չի յայտնւում քսակի տէրը: Անցնում է կէս ժամ, մի ժամ, երկու ժամ, ոչ ոք չի գալիս կորցրածը փնտրելու, ոչ ոք չի հարցնում, թէ արդեօք տեսե՞լ է մի քսակ: Կոմիտասը անհանգստանում է. արդէն շատ է ուշացել ժամադրութիւնից: Չէ՞ որ հիմա Բաբաեանները չեն ճաշում եւ իրեն են սպասում: Տգեղ ու անյարմար վիճակ ստեղծուեց: Մի ժամ եւս անցնում է սպասողական լարուած վիճակում: Կոմիտասը սկսում է ջղայնանալ: Նորից ստուգում է ժամանակը: Երեք ժամ է որ կանգնած է փողոցում: Եւ ահա հեռուից նկատում է, թէ ինչպէս մայթն ու մայթեզրերը պրպտելով, դանդաղ մոտենում է մանկամարդ մի կին: Հասարակ զգեստ է հագին. դժգոյն է ու անհանգիստ: Կոմիտասը հարցնում է անմիջապէս. - Ի՞նչ եք որոնում տիկի՛ն: - Հա՛յր սուրբ, հացի գնալիս' կորցրել եմ վերջին սանտիմներս. իսկ տանը, քաղցած երեխաներն ինձ են սպասում: Արտասուքներ են նկատւում կնոջ կապոյտ, տագնապալի աչքերում: - Կարո՞ղ եք ասել, ի՞նչ գոյնի էր ձեր կորցրած դրամապանակը: - Մոխրագոյն, մաշուած քսակ էր: Կոմիտասը ժպտում է գոհունակ, գրպանից հանում քսակը, հանձնում մանկամարդ տիկնոջը, յաջողութիւն ցանկանում եւ շտապում Բաբաեանների բնակարանը: Հուզուած էր. կեանքում առաջին անգամ ժամադրութիւն չէր յարգել: հ.գ. հատուածը վերցուած է Ստեփան Կուրտիկեանի "Կոմիտասեան ղողանջներ" գրքից, 1969թ:
Նյութը վերցված է Արթուր Խոջաբաղյանի ֆբ էջից: