Ուկրաինական ճգնաժամը կարծես մտել է փակուղի, կամ էլ կոնկրետ ինչ-որ կողմի ձեռնտու է, որ այն արհեստականորեն մտնի փակուղի: Ամեն անգամ երբ ինչ-որ հույս է արթնանում, որ լարվածությունը կարող է թուլանալ, շատ կարճ ժամանակ անց դա չեզոքանում է: Ապրլի 17-ին, երբ Ժնևում քառակողմ հանդիպման ժամանակ (Ռուսաստան, Ուրաինա, ԱՄՆ և ԵՄ) եղավ համաձայնություն լուծելու համար առկա հակամարտությունը, շատերը հույս հայտնեցին, որ սա կլինի այս հակամարտության լուծման սկիզբը, բայց դրան հաջորդող գործընթացներն, առնվազն ինձ համար, այդ լավատեսական սցենարը դարձնում են ավելի աղոտ:
Երեկ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Պսակին հայտարարեց, որ իրենք ուշադրությամբ հետևելու են, թե ինչպես է Ռուսաստանը կյանքի կոչելու Ժնևյան համաձայնագիրը: Վերջինիս խոսքերով, եթե Ռուսաստանը չկատարի դրանք, ապա կլինեն հետևանքներ: Մյուս կողմից, սակայն, ամերիկացի պաշտոնյան ասել է, որ հստակ ժամանակացուց որպես այդպիսին չկա: Այլ կերպ ասած թե ինչպես է ԱՄՆ որոշելու Ռուսաստանը կատարում է, կատարում է ժամանակին, թե' ոչ, հայտնի չէ: Էլ չեմ ասում այն մասին, թե այդ ինչո՞ւ միայն Ռուսաստանը, կամ առհասարակ ինչո՞ւ Ռուսաստանը պետք է ինչ-որ բան կատարի, եթե այդ բանակցությունների ընթացքում եղել էր ընդհանուր ըմբռնում, որ հարցը պետք է կարգավորվի Կիևի և մնացած շրջանների ներկայացուցիչների միջև: Ինչևէ, սրան ինչպես և սպասելի էր պատասխանել են Ռուսաստանի ԱԳՆ-ից:
Ըստ ԱԳՆ հաղորդագրության Մոսկվան հիասթափված է Վաշինգտոնի նման վերաբերմունքից: Մոսկվան հիասթափված է, որ Վաշինգտոնում շարունակում են պաշտպանել Կիևին և որ ամեն կերպ փորձում են վերջինիս գործողությունները ներկայացնել դրական ֆոնի ներքո, ինչպես նաև այս ամենին ի հավելումն առիթը բաց չեն թողնում Ուկրաինական հակամարտության և դրա սրման պատճառները բարդելամբողջությամբ Ռուսաստանի վրա:
Կարծում եմ մեծ հաշվով հասկանալի է, թե ինչ դիվանագիտական լեզվակռիվ է տեղի ունեցել հեռվից հեռու Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև և մեծ հաշվով կարծում եմ կարիք չկա մանրամասն ներկայացնել երկուստեք հայտարարություններն ու գնահատականները: Պարզապես սրանից կարելի է ենթադրել, որ ամեն դեպքում համատեղ անկեղծ ըմբռնում Ժնևյան բանակցությունների ընթացքում և դրանցից հետո չի եղել: Սա շատ վատ նշան է և միանշանակ կարելի է ասել, որ չի նպաստում այդ համաձայնագրերի կատարմանը, ո´չ Կիևի, ո´չ էլ այդ երկրի արևելքում ցուցարարների կամ էլ «ապստամբների» կողմից:
Շատ ափսոս, բայց ինչպես երևում է այս խմորը դեռ շատ ջուր կքաշի:
Հայկ Թամրազյան