Կոալիցիայից ՕԵԿ-ի դուրս գալը ներկա փուլի համար հրապարակային քաղաքական գործընթացների տրամաբանական շարունակությունը չէր, իսկ Արթուր Բաղդասարյանի՝ վարչապետ չդառնալու հանգամանքը՝ այդ որոշման իրական պատճառը չէր: Թեև քաղաքականությունը ինտերպրետացիոն երևույթ է, բայց ոչ այդ, ոչ էլ "որոշումների վրա ազդեցություն չունենալու" ձևակերպումը չեն կարող արտահայտել իրական պատճառը, քանի որ դրանք մակերեսային դատողություններ են: Չնայած Հայաստանի պարագայում դժվար է, բայց դիմենք քաղաքական ռացիոնալիզմին, որը, գոնե, ենթագիտակցական մակարդակում չի կարող որոշակի դրսևորում չունենալ: Եվ այսպես.
-նախ՝ քաղաքական պայմանների հավասարեցման պարագայում չի երևում՝ կարո՞ղ էր ՕԵԿ-ը դուրս գալ կոալիցիայից, այսինքն՝ եթե վարչապետը հրաժարական չտար, այս կուսակցությունը կդիմե՞ր նման քայլի: Նախադեպային վերլուծությունը ցույց է տալիս, որ՝ ոչ՝ ելնելով մինչև Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալը նման մտայնության որևէ ակնարկի բացակայությունից:
-Մյուս կարևոր հարցադրումը հետևյալը կարող է լինել. արդյո՞ք 6 տարի հետո «որոշումների վրա ազդեցություն չունենալու» հանգամանքը կարող էր դառնալ իրական պատճառ կոալիցիան լքելու համար. ռացիոնալ տեսության համաձայն՝ դարձյալ՝ ոչ, քանի որ ՕԵԿ-ն այդ ընթացքում երկրորդ անգամ է դարձել կոալիցիայի անդամ, հետևաբար՝ այդ ձևակերպումը պատճառ լինելու պարագայում՝ այն չպետք է 2012-ին մտներ կոալիցիա:
-Խնդիրն ունի նաև քաղաքական դիվանագիտության ասպեկտ. սովորաբար քաղաքականության սուբյեկտները նման շրջադարձային որոշումները պարզաբանում են առիթ հանդիսացած հանգամանքներով՝ թաքցնելով իրական պատճառները:
-Քաղաքական իմաստի հարթություն. ինչո՞ւ պետք է ՀՀԿ-ն այդքան կարևոր քաղաքական պաշտոնը հանձներ այլ կուսակցության ղեկավարի: Պետք է տարանջատել, անկուսակցականը և կուսակցականը տվյալ պարագայում բացարձակապես տարբեր հարթություններում են: Սա արդյո՞ք չէին հասկանում ՕԵԿ գործիչները: Արթուր Բաղդասարյանի վարչապետ չդառնալու պատճառով կոալիցիան լքելու և որոշումների վրա չազդելու հիմնավորումները ռացիոնալ կդիտվեին միայն այն պարագայում, եթե մինչ այդ ՕԵԿ-ի կողմից լինեին հստակ ակնարկներ, որը ցույց կտար, որ կուսակցությունը դժգոհ է իր կարգավիճակից, իսկ քանի չկա նման բան, ապա դրա ռացիոնալությունը կասկածի տակ է: Եվ եթե դա էր պատճառը, ապա կարելի էր մնալ կոալիցիայում, գուցե նոր վարչապետն ընդլայներ ՕԵԿ-ի քվոտան կառավարությունում, այսինքն՝ կազմվեր փոքրամասնության ու մեծամասնության համամասնական կառավարություն, որը կլուծեր ՕԵԿ-ի բերած պատճառաբանության հարցը որոշումների կայացման առումով:
Հետևաբար, խնդիրը պետք է դիտարկել ավելի խորքային հարթության մեջ, պետք է ճիշտ գնահատել քաղաքական երևույթները, որոնք ինչ-որ պահի հանգում են կոնկրետ քաղաքական կարևոր գործընթացի: Կանխավարկածային մոտեցում համար 1. սա ապագային միտված քայլ էր, որը 3 տարի հետո սպասվող ընտրություննեն են: Այս մասին կամա, թե ակամա, հավաստեց նաև ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանը «Բանաձև» հաղորդման ժամանակ: Ներկայումս ՕԵԿ-ի համար կարևոր է կենդանացնել կուսակցության հոգեվարք ապրող վարկանիշը և ապահովել նվազագույն ներկայություն ապագա ԱԺ-ում: Հենց որոշումների վրա ազդեցություն չունենոլն ու վարչապետի հրաժարականը լավ առիթ էին այս քայլը հիմնավորելու համար: Նրանք հասկացան, որ հաջորդ ընտրություններում հնարավոր է՝ ՀՀԿ-ն լքի իրենց, և իրենք կհայտնվեքն աուտսայդերի դերում:
Կանխավարկածային մոտեցում համար 2. Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալուց անմիջապես հետո կայացված որոշումը կարող է ենթադրել, որ դա պայմանավորված է վարչապետի անձով, այլապես՝ ինչո՞ւ առանց բանակցությունների ավելի շատ պորտֆելներ վերցնելու համար, դուրս գալ կոալիցիայից անմիջապես:

 

Արման Սահակյան