Ահա և Հայաստանի Հանրապետության ևս մեկ կառավարություն պատմություն դարձավ: Կարծում եմ' այս փոփոխությունը վաղուց էր հասունացել: Մեր ազգային ավանդույթը պնդում է, որ գնացողի հետևից չեն խոսում: Ես կհետևեմ այդ ավանդույթին: Միայն կասեմ, որ հույսի, հավատի, նույնիսկ ամենամշակված ու ամենամտածված ծրագրի հանդեպ վերջին ժամանակներում առաջ եկող հասարակական կասկածանքների միջավայրը մեկ բանի մասին էր խոսում' փոփոխությունների ակնկալիքը վաղուց էր հասունացել:

Արդեն վաղուց յուրաքանչյուրի մոտ գերակայող էր դառնում այն տպավորությունը, որ մեր երկրում ոչինչ չի կատարվում: Բոլորը խոսում են, քննարկում, բարձր որոշումներ կայացնում, պատվիրակություններ ընդունում, ուղերձներ հռչակում, բայց այդ աղմուկի մեջ միշտ գերակայում էր նույն մտահոգությունը' ոչինչ չի կատարվում:

Ես շնորհավորում եմ բոլորին, շնորհավորում եմ, ոչ թե կառավարության հրաժարակի առթիվ, այլ մեր երկրում կատարված փոփոխության առթիվ: Վաղուց արդեն աչքներս ջուր էր կտրել փոփոխությունների սպասելով: Իհարկե փոփոխություն ասելով ինձ համար ամենևին էլ առաջնային չէ մարդկանց փոխելը, ամենևին, փոփոխությունները հասարակական կյանքի բոլորի ոլորտների խաղի կանոններին ու զարգացմանը պետք է վերաբերեն, մարդկանց' ապրելու ու ինքնադրսևորվելուն պետք է առնչվեն: Բայց երբ այդ ամենի հանդեպ հավատը իսպառ կորել էր, ապա կառավարության փոփոխությունն ինքնին, հենց իր փաստով, կարող է դառնալ նոր փոփոխությունների խթանիչ:

Ես շնորհավորում եմ ընդդիմությանը, որ ով ինչ էլ հիմա ասի ու հերքի, չի կարող վերջին ամիսների իր քայլերով էական դեր ունեցած չլինի այս գործընթացում:

Ես շնորհավորում եմ մեր հասարակական ակտիվ հատվածի ներկայացուցիչներին, որոնք նոր ու լավ գործեր անելու ավելի լայն հնարավորություն կունենան:

Ես նույնիսկ շնորհավորում եմ քաղաքական մեծամասնության իմ գործընկերներին, որ հնարավորություն ունեն շատ երկար ժամանակ առավոտից երեկո պաշտպաններ աշխատելուց հետո շունչ քաշել, ու եթե չեն ուզում էլի նույնկերպ շարունակել, ապա իսկապես փոխեն ձեռագիրը: Միայն զարգացման ու իրական փոփոխությունների քաղաքականություն որդեգրելու միջոցով իշխող ուժի իմ գործընկերները կարող են իրենց ավելի ազատ զգալ ու տեսնել, որ ընդդիմությունում թշնամիներ չեն. երբ գործ արվի, հանգիստ կկանգնեն կողքները, երբ անգործությունը ծածկվի հոխորտանքով ու մեծամտությամբ' պատասխանը չի ուշանա:

Ես շնորհավորում եմ նաև Տիգրան Սարգսյանին ու կառավարության արդեն նախկին անդամներին: Նրանք հնարավորություն ստացան իրենց փորձն ու կարողությունները մեր երկրի զարգացման հարցում նորովի օգտագործելու, փոփոխությունների այն հասարակական միջավայրը, որ չստացվեց աշխատանքով ստեղծել, միգուցե հիմա ստեղծվի հրաժարականի փաստով:

Համենայն դեպս ինչպես միշտ ես հիմա էլ լավատես: Պետք է միայն աշխատել: Նվիրված, խելքով ու սրտանց աշխատել: Ահա և վերջ:

 

 

Թևան Պողոսյան