Մի անգամ առիթ ունեցել եմ գրելու այս մասին: Բայց քանի որ վերջին օրերին շատ են խոսում ՄԱԿ-ում Հայաստանի դիրքորոշման՝ որպես անսկզբունքային վարքի դրսևորման մասին, ապա առաջարկում եմ նման դատողություն անելուց առաջ իմանալ հետևյալը: Չէ, նույնիսկ ոչ թե իմանալ, այլ ՀԱՍԿԱՆԱԼ:
Հասկանալ, որ պետությունը մարդ չի, որ երդվի ու ամբողջ կյանք այսինչ բանն անի կամ չանի: Պետությունը մարդ չի, որի վարքը հնարավոր լինի գնահատել բարոյական չափանիշներով: Պետությունից սկզբունքայնություն կարելի է պահանջել, օրինակ, ահաբեկիչների դեմ պայքարի հարցում, հանցագործներին պատասխանատվության ենթարկելու հարցում, սահմանադրական կարգի պահպանման և ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ բնույթի նման այլ դեպքերում:
Այսինքն, այս և նմանատիպ հարցերի դեպքում պետության դիրքորոշումը չի կարող փոխվել, քանի որ փոխվելու պարագայում պետությունը կդադարի պետություն՝ իրավաքաղաքական պայմաններ ապահովող ինստիտուտ լինելուց:
Բայց պետության դիրքորոշումը կարող է և պետք է փոխվի բոլոր այն դեպքերում, երբ գործ ունենք քաղաքական պրոցեսների հետ, երբ հանգամանքները, իրավիճակը դեռ վերջնական տեսք չեն ստացել և զարգացում են ապրում: Բնականաբար, պետությունը կարող է հայտնել որևէ դիրքորոշում այս պահին եղած պայմանների համար և փոխել իր դիրքորոշումը՝ պայմանների, հանգամանքների, իրավիճակների փոփոխությանը համընթաց, քանի որ, կրկնվեմ, պետությունն առաջնորդվում է նպատակահարմարության սկզբունքով:
Մովսես Դեմիրճյան