Մոտ 10-12 տարի առաջ էր, ընկերս՝ Վահագը, ԱՄՆ-ից եկել էր Հայաստան: Այդ ժամանակ հայաստանում մեծ թափով շինարարություն էր ընթանում՝ շենքեր, ճանապարհներ, մի խոսքով կյանքի որակը էականորեն լավացել էր: Բնականաբար նա իսկույն նկատեց, թե որքան է փոխվել Հայաստանը, Անընդհատ ուզում էր զբոսնել ու կարոտը առնել հայրենիքից: Մի օր, երբ հերթական անգամ զբոսնում էինք, նա մի արտահայտություն արեց, որը ոչ մի կերպ չեմ մոռանում:
- Ինչքան լավ ա, որ երկրաշարժ, պատերազմ, մութ և ցուրտ տարիներ տեսած երկիրը կրկին բարգավաճում ա, տասից իննի դեմքին ժպիտ կա:
Առավոտյան այդ արտահայտություը վերհիշեցի:
Այսօր բավական երկար ժամանակ գործերով քաղաքի տարբեր հատվածներում էի: Ուշադիր հետևում էի փողոցում հանդիպող մարդկանց՝ տասից մեկն է ժպտում, մնացածը մտամորմոք քայլում են: Յուրաքանչյուրի հայացքից պարզ զգացվում է, ժպտալու առիթ չի մնացել, և իսկապես իչպես ժպտա, երբ տանը հաց չկա, ինչպես ժպտա, երբ հացի խնդիրը լուծելու համար բանկերը խլել են ունեցվածքը, ինչպես ժպտա, երբ տարիներ առաջ վաճառած մեքենայի համար 100.000 տուգանք է եկել, ինչպես ժպտա, երբ դեղ գնելու գումար չունի, որ հասցնի իր կյանքի ու մահվան համար կռիվ տվող հարազատին, ինչպես ժպտա, երբ 45.000 աշխատավարձից ինովացոն բարեփոխումների միջոցով պետությունը գումար է խլում...
Ուշադիր լինելու դեպքում պարզ և նկատելի են դառնում շատ հարցեր, օրինակ՝ խանութներ կան, որոնց դռներին արդեն անթաքույց գրված է «խանութը փակվում է անկուշտ հարկայինի շնորհիվ»: Նման օրինակները բազմաթիվ են:
Քաղաքացիական անհնազանդության ակցիաները ավելի հաճախակի են դարձել, մարդիկ իրենց խնդիրներին լուծումներ գտնելու համար պատրաստ են նույնիսկ ինքնահրկիզվել: Օր օրի համոզվում եմ, որ այս երևույթները լավ բանի չեն հանգեցնելու: Ժողովրդի համբերության բաժակը լցվել է:
Արմեն Ասլյան