ԲԱՑ ՆԱՄԱԿ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Մթի ու ցրտի տիրակալ նախագահ,
Զարմանքով կարդացի Ձեր կոչ-հորդորը' կորոնավիրուսի պայմաններում իշխանությանը հանգիստ թողնելու և համախմբվելու վերաբերյալ: Ավելի ճիշտ՝ ոչ թե զարմացա, այլ մի կատարյալ շոկ ապրեցի 75-ամյա մարդու ցինիզմից և ազգատյացության աստիճանից:
Դուք այն անձն եք, ով իր քաղաքական ոհմակով լայնամասշտաբ թալան կազմակերպեց իննսունականներին' Հայաստանի ողջ հարստությունն ու արդյունաբերական հզորությունը վաճառելով Իրանին, քանդելով ու քայքայելով այն ամենը, ինչը ստեղծվել էր խորհրդային տարիներին մեր ժողովրդի քրտնաջան աշխատանքով։
Դուք այն անձն եք, ում օրոք հարյուրավոր քաղաքական սպանություններ տեղի ունեցան, ոչ մեկը չբացահայտվեց, և առհասարակ, այդ ժամանակ հարցերը լուծվում էին հանցավոր բանդաների միջոցով, ցանկացած գործարարից բիզնես էին խլում ավտոմատավորների հրոսակախմբի միջամտությամբ:
Դուք այն անձն եք, ով մշտապես ունեցել է պրոադրբեջանական հայացքներ, մշտապես ձգտել է հանձնել ազատագրված տարածքները թշնամուն և չի էլ թաքցրել, որ Արցախի համար ընդունելի կլինի ապրել Ադրբեջանի ենթակայության ներքո' բարձր ինքնավարությամբ: Դուք էիք, որ հեգնում էիք․ «Տղա եք' հողերը մի տվեք: Ովքեր չեն ուզում հող տան, ազգի գերեզմանափորն են»՝ մոռանալով, որ Ռոբերտ Քոչարյանը հենց այդ գործիչն էր, ով տասը տարի պահեց Արցախը և պահեց խաղաղության մեջ'հանդես բերելով ճկուն դիվանագիտություն:
Դուք այն անձն եք, ում անչափ շատ էին ձեռնտու թե՛ հոկտեմբերի 27-ի, թե՛ մարտի 1-ի արհունահեղությունները, քանզի Ձեր օգտին էր Ձեզ գահընկեց արած Վազգեն Սարգսյանի վերացումը, և Ձեր օգտին էին հանրահավաքի ժամանակ արձանագրված զոհերը, քանի որ դրանք էին բերելու այդքան ակնկալած դիվիդենտները' Ձեզ դարձնելով իբր թե ազգի փրկիչ, իսկ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին' հանցագործներ:
Սակայն «ազգի փրկիչ» հասկացությունը Ձեզնից այնքան հեռու էր, ինչքան սուրբ կույս Հռիսիմեի կերպարը' մարմնավաճառ Մարիա Մագդալենայից, և բախվելով տոտալ անհաջողության' Դուք սկսեցիք որպես փրկիչ աճեցնել Նիկոլ Փաշինյանին, ով այժմ հատ-հատ իրագործում է Ձեր ազգադավ ծրագրերը:
Պարոն Տեր-Պետրոսյան,
Պատմության մեջ Ձեր անունը գրվելու է որպես քանդարար, թալանչի և ապազգային նախագահ, ով ժամանակին հայտարարել է. «Ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է», ով հենց սկզբից դեմ է եղել Շուշիի օպերացիային՝ նշելով, թե. «Քելբաջարը մի ազատագրեք, Շուշին մի ազատագրեք», ով հրաժարական տալուց հետո էլ դավեր է նյութել պետության դեմ: Էլ դավաճանը պոզով-պոչո՞վ է լինում:
Գուցե մասոնական ձեր օթյակի պլաններում է եղել Հայաստանի կործանումը բոլոր հնարավոր մեթոդներով, բայց այսօրվա դրությամբ Դուք բարոյական իրավունք չունեք խորհուրդներ տալու հայ հանրությանը և առավել ևս' արցախյան հաղթանակը կերտողներին և Ձեր թալանած երկրի տնտեսությունը ոտքի հանողներին։
Կորոնավիրուսը թող առիթ չդառնա, որ ամեն մի քաղաքական դիակ կազմակերպի իր ասելիքն ու անելիքը' խաղալով մեր ժողովրդի նյարդերի և համբերության հետ: Միակ բանը, որ Դուք կարող եք անել, հավերժ լռելն է: