Էս վերջերս ինչ-որ աննկարագրելի ակտիվություն են դրսևորում մեր վայ-ընդդիմության երկու քվազի-ճամբարներ, որոնք հատկապես Ուկրաինայի զարգացումների հողի վրա լրիվ խելագարվել են՝ Ազատ դեմոկրատներն ու Նախախորհրդարանը:
Ազնիվ խոսք, ով գիտի՝ ուկրաինացիները տենց ծանր չէին տանում Մայդանին հետևած ռուսական հակամիջոցներն ու Ղրիմի կորուստը, ինչքան սրանք: Այսօր էլ բացառություն չէ, ու մի մեծ վիշտ է համակել այս երկու ուժերին, որոնք կարծես հաստատապես որոշել են, որ «Ազատ դեմոկրատ» ու «Նախախորհրդարան» բառերը սկսեն ընկալվել հանրության կողմից որպես վիրավորական էպիտետներ:
Էդքան սրանց բացատրում են, որ տղերք ջան, ինչ-ինչ, բայց Ղրիմի հարցը Հայաստանի շահերից ա բխում, որովհետև նախադեպ է ստեղծում Արցախի համար, եթե չեք էլ ուզում աջակցեք, ապա գոնե մի խանգարեք ազգային շահերի իրացմանը:
Բայց դե ոնց կլինի, որ մի հիմարություն չանեն մեր արևմտամետ լիբերալիզմի առաջամարտիկները, չեն կարում իրենց համեստ ինտելեկտուալ ունակությունները ի ցույց աշխարհի չդնել և, իրար հերթ չտալով, անհեթհեթ հայտարարություններ են անում: Այս առումով բոլոր ռեկորդների ռեկորդը սահմանեց Տիգրան Խզմալյանը, ով ոչ տարավ, ոչ բերեց, ու Ֆեյսբուքում կոչ արեց (հայերենով ու ռուսերենով) Ուկրաինային՝ ոչ թե իրենց դեսպանին հետ կանչեն Հայաստանից, այլ վտարեն ՀՀ դեսպանին՝ Ուկրաինայից:
Սկսում եմ հասկանալ, թե որտեղից են կռիվների ժամանակ հայտնվում ազգի դավաճանները...
Գեղամ Ասլամազյան