ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախապատրաստական աշխատանքներ են տանում, այս ամիս, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում կազմակերպելու նպատակով: Նման եզրակացության կարելի է գալ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի «Թվիթերյան» գրառումից, որում նա հույս է հայտնել, որ մարտ ամսին, հնարավոր կլինի նման մակարդակի հանդիպում կազմակերպել:

Նախագահների մակարդակով հանդիպման կազմակերպումը կարևոր է ոչ միայն բանակցությունների շարունակականություն ապահովելու, այլ Ուկրաինայում, ու, մասնավորապես, Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին:

Բանակցությունների շարունակականության ապահովում

Նախագահների մակարդակով վերջին հանդիպումը կայացել է 2013 թվականի նոյեմբերի 19-ին, Վիեննայում: Չնայած այդ հանդիպմանը հետևած դրական մեկնաբանություններին, այդ թվում' երկու նախագահների շուրթերից հնչած լավատեսական արձագանքներին, հանդիպումից որոշ ժամանակ անց, իրավիճակը առաջնագծում կտրուկ սրացումներ ունեցավ.

Նախ, 2013 թվականի դեկտեմբերի 14-ին, հակառակորդի դիպուկահարի գործողությունների արդյունքում հայ զինծառայող զոհվեց, իսկ ավելի ուշ, 2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, հայկական մարտական դիրքերի նկատմամբ, երկու ուղղություններով, Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողություն իրականացվեց: Արդյունքում հայկական կողմը ևս մեկ զոհ ունեցավ: Դիպուկահարների ակտիվացման հերթական ալիքը գրանցվեց հունվարի 29-ին, ինչի արդյունքում ցավոք կրկին զոհ գրանցվեց:

Նախագահների' Վիեննայում կայացած հանդիպման հաջորդող վերջին միջադեպը կապված է Ադրբեջանից հայրենիք հայրենադարձված 77-ամյա Մամիկոն Խոջոյանի հետ. բուժզննության արդյունքում պարզ դարձավ, որ վերջինիս Ադրբեջանում կտտանքների են ենթարկել. Խոջոյանը ոչ միայն ձեռքի կոտրվածք էր ստացել, այլ հրազենային վիրավորում ուներ:

Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններ

Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները համակարգային վերլուծության տեսանկյունից, Հայաստանի ու Ադրբեջանի համար կարևոր են ոչ միայն տարածաշրջանային կայունության, Ղրիմի վերջնական կարգավիճակի հետ կապված իրադարձությունների տեսանկյունից, այլ այն հանգամանքով, որ ԼՂ բանակցային գործընթացի երեք դերակատարները' Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, ակտիվ ներգրավվածություն ունեն դրանում: Ավելին, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը' մի կողմից ՌԴ-ԱՄՆ, մյուս կողմից' ՌԴ-ԵՄ հարաբերությունների սրացման հերթական պատճառ է դարձել: Պատահական չէ, որ նույն ամերիկացի համանախագահ Ուորլիքը իր «Թվիթերյան» գրառումներից մեկում նշում է, որ չնայած ԱՄՆ-ն և ՌԴ-ն հակասություններ ունեն Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ, սակայն այլ հարցերում, մասնավորապես, ԼՂ հարցում, երկու երկրները պետք է շարունակեն համատեղ աշխատանքը:

Հասկանալի է, որ համատեղ աշխատանքը ամերիկացի դիվանագետը նախևառաջ կարևորում է Հարավային Կովկասում հարաբերական կայունության և խաղաղության պահպանման համատեքստում, քանի որ էսկալացիոն երկրորդ ճակատը նախկին խորհրդային միության տարածքում, նոր' առավել սուր խնդիրներ առաջ կբերեր ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում, ինչը միայն մեր ռեգիոնով չէր սահմանափակվի:

Այս համատեքստում, պատահական չէր նաև ամերիկացի դիվանագետի մտորումներն այն մասին, թե պետք է անհրաժեշտ եզրահանգումներ արվի Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

Ղրիմի հանրաքվե

Ղրիմում տեղի ունեցած իրադարձությունները հայաստանյան ու ադրբեջանական տարբեր շրջանակների համար հետաքրքրական են առաջին հերթին հանրաքվե նախադեպի առումով: Այս երկու հարցերը միմյանց նման են հատկապես տիպաբանության տեսանկյունից, կարելի է նաև դիտարկման դնել այս հարցը միտումների ու նախադեպերի առումով, սակայն միաժամանակ պետք է հիշել, որ սա ինքնորոշման սկզբունքի իրացման միակ նախադեպը չէր, իսկ աշխարհում գրանցված այլ նախադեպեր մինչև այժմ էական ազդեցություն չեն ունեցել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա: Պատճառը ակնհայտ է' որքան էլ այս կամ այն գործոնը ազդեցություն ունենա գործընթացի վրա, նմանատիպ կոնֆլիկտների կարգավորման հարցում առանցքային դերակատարությունը վերապահված է քաղաքական որոշումներին:

Նոր իրավիճակում, նախագահների առաջիկա հանդիպման օրակարգի առաջնային խնդիրը տարածաշրջանային անվտանգության և կայության հարցն է, ինչը նշանակում է, որ Ադրբեջանից հնչող ցանկացած կտրուկ հայտարարություն կամ սպառնալիք, միջնորդների կողմից, ավելի կտրուկ հակազեդցության է հանգեցնելու, քան նախկինում:

 

 

Տիգրան Աբրահամյան