Ակն ընդ ական…
Նախօրեին երեկոյան ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում' կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ եւ ականանետեր: Գնդակոծվել են սահմանամերձ բնակավայրերը մասնավորապես Տավուշի մարզի Բերդավան, Պառավաքար, Բաղանիս գյուղերը, ինչպես նաև Նոյեմբերյան քաղաքը:
Թշնամու կրակոցներից սահմանամերձ Պառավաքարում մահացել են ՀՀ խաղաղ բնակիչներ, բոլորը կանայք, միաժամանակ Բերդավանում երկու տղամարդ է վիրավորվել, որոնք անմիջապես հոսպիտալացվել են։
Ի պատասխան Տավուշի մարզի բնակավայրերի՝ ադրբեջանական գնդակոծություններին, հայոց զնվորները վնասազերծել են հակառակորդի հինգ ասկյարի։ Ինչպես տեղեկացնում է Voskanapat.info-ն, ադրբեջանցի հինգ զինվոր ևս ստացել է վնասվածքներ' երկուսի վիճակը ծանր է։
Ըստ կայքի տվյալների, բացի մարդկային կորուստներից, ադրբեջանական կողմը զրկվել է հայկական Պառավաքար գյուղի դիմաց գտնվող մարտական հենակետից, քանի որ այն ոչնչացվել է ականանետներից բացված կրակներով։
Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեաին մասնակցելու նպատակով Նյու Յորք է մեկնել նախագահ Սարգսյանը, որտեղ, ըստ շրջանառվող տեղեկությունների, նախատեսված էհանդիպում իր ազերի գործընկերոջ հետ: Նշենք, որ ԱԳ նախարար Նալբանդյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ համանախագահների հետ, և հայտնել սահմանին տիրող իրավիճակի մասին' հայտնելով իր մտահոգությունները:
Այս պարագայում ակնահայտ է, որ արդեն ադրբեջանական կողմը «ավանդույթ» է ձևավորել, որ երկու նախագահների հանդիպումից առաջ ալիևյան խունտան ձեռնամուխ է լինում հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի կտրուկ և արմատական սրմանը' դրանով փորձելով իբր թե ցույց տալ սահմանում տիրող լարվածության պատասխանատուն հայկական կողմն է:
Ինչևէ փաստենք. մեկ անգամ ևս պետք է ամրագրվի, որ սահմանում տեղի ունեցած այս միջադեպերի և անմեղ քաղաքացիների մահվան ամբողջ պատասխանատվությունն ընկած է ադրբեջանական կողմի վրա:
Արմեն Հովսափյան