Հայաստանում ֆիլմեր, ճիշտ է, այսօր էլ են նկարահանվում, բայց, եթե հարցնես մայրիկին ու հայրիկին, ապա նրանք կասեն. «Մեր ժամանակ գիտե՞ս՝ ի՜նչ ֆիլմեր էին նկարահանվում, ի՜նչ դերասաններ ունեինք…»: Եվ նրանք իրավացի կլինեն: Այն ժամանակ, երբ դու լույս աշխարհ չէիր եկել, «Հայֆիլմ» կինոստուդիան և հայ ռեժիսորները ստեղծում էին հրաշալի ֆիլմեր, իսկ հայ տաղանդավոր դերասաններն էլ հիացնում էին ամբողջ աշխարհին: Նրանցից ոմանք այսօր էլ շարունակում են նկարահանվել ֆիլմերում ու խաղալ թատերական ներկայացումներում, բայց մեր ամենատաղանդավոր դերասաններից շատեր
ն այլևս կենդանի չեն: Սակայն այսօր էլ նրանք նույնքան սիրելի են, որքան իրենց կենդանության օրոք: Դե օրինակ, ես վստահ եմ, որ եթե անգամ դու ծնվել ես Մհեր Մկրտչյանի մահվանից տարիներ անց ու ճանաչում ես նրան միայն ֆիլմերից, ապա դու նրան սիրում ես այնքան, որքան նրանք, ովքեր նրան տեսնելու երջանկությունն են ունեցել:
Պարզապես հնարավոր չէ չսիրել Մհեր Մկրտչյանին, չէ՞ որ նա այդքան տաղանդավոր, ինքնատիպ ու հմայիչ է: Նրան պաշտում էին ոչ միայն Հայաստանում, այլև շատ ու շատ այլ երկրներում, նրան էին սիրահարվում բոլոր գեղեցիկ աղջիկները, իսկ լավագույն ռեժիսորները խնդրում էին նրան նկարահանվել իրենց ֆիլմերում:
Բայց երբ նա լույս աշխարհ եկավ (իսկ դա 1930թ.-ին էր), նրա ծնողների մտքով անգամ չէր անցնում, որ իրենց Ֆրունզը մի օր հանրահայտ դերասան է դառնալու: Մհեր Մկրտչյանին հենց այդպես կոչեցին նրանք՝ ի պատիվ Խորհրդային Հայաստանի զորավար Ֆրունզեի: Մուշեղ և Սանամ Մկրտչյանները մանկատանն էին մեծացել ու դժվար մանկություն էին ունեցել: Ծանր եղավ նաև նրանց առաջնեկի մանկությունը: Ֆրունզիկի հայրիկը շատ խիստ էր և անգամ ծեծում էր նրան: Ֆրունզիկը լավ ծաղրանկարներ էր նկարում, և նրա հայրն ուզում էր, որ իր տղան նկարիչ դառնա: Նա ստիպում էր Ֆրունզիկին պարապել ամեն օր մի քանի ժամ: Փոխարենը մայրիկն էր չափազանց ուշադիր նրա հանդեպ ու միշտ պաշտպանում էր նրան:
Ֆրունզիկը անգամ բակ չէր իջնում, իրեն միշտ միայնակ էր զգում, շատ չշփվող էր ու վախենում էր, որ իրեն կրկին կսկսեն ծաղրել մեծ քթի պատճառով: Հետո նա արդեն սովորեց ամեն ինչին հումորով վերաբերվել ու ինքն էլ էր հաճախ կատակներ անում սեփական քթի վերաբերյալ. «Դեռ մանկուց ինձ ավելի անհանգստացրել է ոչ թե այն, թե ինչու է իմ քիթը այդքան մեծ, այլ այն թե ինչու են ուրիշների քթերն այդքան փոքր»:
Մեծ քթից բացի ճակատագիրը Ֆրունզիկին օժտել էր նաև մեծ տաղանդով, և շուտով նա ծնողներից գաղտնի գրանցվեց մի փոքրիկ թատերական խմբակի ու այնտեղ տեսավ, որ միայն երեխաները չեն խաղում, այլ նաև մեծերը: «Ես մանկություն չեմ ունեցել, մանկապարտեզ չեմ տեսել, բակ չեմ տեսել, ես տեսել եմ միայն թատրոն»,- պատմում էր նա: Հայրը դեմ էր, որ իր տղան դերասան լինի. «Դերասա՞ն. դա ի՜նչ մասնագիտություն է»,-ասում էր նա: Բայց մի օր Մուշեղ Մկրտչյանն այնուամենայնիվ եկավ Ֆրունզիկի ներկայացումներից մեկին: Ֆրունզիկը հուզվել էր հոր ներկայությունից: Հայրն այդ օրը ուշ եկավ տուն, նստեց, երկար նայեց քնած Ֆրունզիկին, իսկ առավոտյան ասաց. «Ապրես տղաս, շատ լավ խաղացիր: Գլխավորը՝ շատ համոզիչ»:
Սակայն Ֆրունզիկի հայրիկն երկար չկարողացավ վայելել որդու խաղը… Ֆրունզի մանկության տարներին սկսվեց նաև Երկրորդ Համաշխարհային պատերազմը: «10-11 տարեկան էի, նստարանի տակ թաքնվել էի, մի զինվոր էլ ծխում էր: Սպասում էի, որ դեն նետի մնացորդը, վերցնեմ, ծխեմ: Մեկ էլ ռադիոյով հաղորդեցին. Պատերազմն սկսվեց: Զինվորը դեն նետեց մնացորդն ու գնաց: Ես վերցրի: Ուրախ-ուրախ ծխում ու մտածում եմ. «Այս պատերազմն ի՜նչ լավ բան»: Հետո հասկացա պատերազմի դառնությունը»,- պատմում էր նա շատ տարիներ անց:
Միակ ուրախությունը թատրոնն էր: Նրան սկսեցին ճանաչել, սիրել: Ֆրունզիկի մասին արդեն խոսում էր ողջ Գյումրին: Իսկ երբ նա որոշեց ընդունվել Երևանի Պետական Թատերական Ինստիտուտ, նրան գրկաբաց ընդունեցին: Առանց քննություների նա անմիջապես երկրորդ կուրս ընդունվեց: Նրան սկսեցին վստահել լավագույն դերերը թատրոնում, և մարդիկ գալիս էին տեսնելու ոչ թե թատերական ներկայացումներ, այլև Ֆրունզիկի խաղը: Նրա հետ ժամանակը այնքան ուրախ էր անցնում, բոլորը հավաքվում էին նրա շուրջ ու սիրում էին լսել նրա կատակները:
Ճիշտ է, Ֆրունզիկը հիանալի կատակերգական դերեր էր խաղում, բայց միշտ երազում էր, որ իրեն առաջարկեին լուրջ, տխուր ու ողբերգական դերեր: Այդպիսի դերեր նա քիչ խաղաց, բայց փոխարենը չափազանց տխուր էր նրա կյանքը: Բոլորը սիրում էին Ֆրունզիկին, բայց նրան, ում Ֆրունզն էր սիրում, Ջուլիա անունով մի շատ գեղեցիկ աղջկա, թույլ չտվեցին ամուսնանալ Ֆրունզիկի հետ ու բաժանեցին սիրահարներին: Հետո նա ամուսնացավ, երկու անգամ, բայց երկու ամուսնություններն էլ չերջանկացրին նրան: Նրա աղջիկը՝ Նունեն, տարիներ անց մահացավ ավտովթարից, իսկ փոքրիկ տղան մորից ժառանգած հոգեկան հիվանդություն ուներ: Եվ ծանր ընտանեկան կյանքը այնքա՜ն էր մտահոգում Ֆրունզիկին: Նրա աչքերը միշտ տխուր էին: Այդպես էլ նրան կոչեցին, ուրախ, տխուր մարդ:
Զարմանալի անհավասար էր բաշխվել մեծ դերասանի հանդեպ սերը: Ժողովուրդը նրան ձեռքերի վրա էր տանում: Երբ նա մեկնեց Լիբանան հյուրախաղերի, տեղի հայերն այնքան սիրեցին նրան, որ սկսեցին կոչել Մհեր, ինչը նշանակում է պայծառ ու արևային: Եվ նա երկու անձնագիր վերցրեց իր համար, մեկում գրված էր Մհեր Մկրտչյան, մյուսում՝ Ֆրունզիկ Մկրտչյան: Հետո նա երկու անձնագիրն էլ կորցրեց, բայց նրան միևնույն է բոլորն էին ճանաչում ու ընդունում ամեն տեղ, այնպես որ նա անձնագրերի կարիք չուներ: Մի անգամ նա պետք է արտասահման մեկներ ընկերների հետ: Գնաց օդանավակայան տոմս գնելու, բայց օդանավակայանի աշխատակիցները նրան թույլ չտվեցին վճարել տոմսերի համար: ու անվճար տրամադրեցին: Երբ նրանք տեղ հասան, տեղի հայերը այնքան հյուրասիրեցին ու ամեն ինչով օգնեցին, իսկ հետո էլ ետ ճանապարհեցին Հայաստան, որ երբ Ֆրունզը վերադարձավ Հայաստան, պարզեց, որ ոչ մի կոպեկ չէր ծախսել, ու հասկացավ, որ իրեն ոչ միայն անձնագիր, այլև գումար էլ հարկավոր չէ:
Նա ոչ միայն նկարահանվում էր ֆիլմերում, այլև մուլտֆիլմեր էր հնչյունավորում, և նրա ձայնն անգամ բավական էր յուրաքանչյուր կերպար հարազատ ու սիրելի դարձնելու համար, այնպես, ինչպես սիրելի է «Գտնված երազ» մուլտֆիլմի Ծերուկը, որ խոսում է Ֆրունզիկի ձայնով: Իսկ ահա այս մուլտֆիլմի հերոսը ոչ միայն խոսում է նրա ձայնով, այլև նկարված է ըստ նրա արտաքինի: Մուլտֆիլմը կոչվում է «Ոչինչ» և նկարահանված է մի արևելյան հայտնի լեգենդի հիման վրա:
Երբ Ֆրունզիկն արդեն մեծ էր, հաճախ էր հիշում իր մանկությունը և այն միշտ պատկերացնում էր հեծանիվի տեսքով: Երևի այն պատառով, որ միշտ երազել, բայց երբեք հեծանիվ չէր ունեցել: Եվ նրա ընկներներն էլ պատմում են, որ նա երեխայի պարզ ու մաքուր հոգով ծնվեց ու իր ողջ կյանքում էլ այդպիսին մնաց: Երևի հենց դրա ու անսահման տաղանդի մեջ էլ թաքնված էր նրա մեծ հմայքի գաղտնիքը…
Անահիտ Ալեքսանյան