ՎՐԻԺԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՔՐՄԵՐԸ. ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ
Առավոտյան ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆՆ զգաց, որ կարոտել է Բագառիճը, մանկության լեռները, որոնք ամպերի միջից քարե ջրվեժի նման հորդում, Եփրատի կիրճն էին գահավիժում։ Նոր էր թեյն ավարտել, բազկաթոռն ուզում էր պատուհանին մոտեցնել, հանդիպակաց պատշգամբում հայտնվեց նա։ Զգուշությամբ՝ վերեւ-ներքեւ զննեց մայթը, նայեց ժամացույցին, ներս գնաց։ Քիչ անց փողոցի դուռը բացվեց, մայթով սկսեց դանդաղ ցած իջնել։
Ժամանակն էր։
Ատրճանակը գրպանը դրեց, նետվեց փողոց։
«Շո՛ւտ արա, հասի՛ր հետեւից ու թիկունքին, ծոծրակին… Չէ՛, չէ՛, դիմացի մայթն անցիր՝ ճակատին, տղամարդու պես՝ ուղիղ ճակատին»։
Հանդիպակաց մայթով արագ-արագ քայլեց, հավասարվեց նրան։ Ու հենց առաջացավ, կտրուկ անցավ մյուս մայթը։ Հիմա դեմ դիմաց էին շարժվում։ Թալեաթը քայլում էր ճեմելով, անփույթ ճոճում էր ձեռնափայտը։ Երբ մոտեցան, նկատեց Սողոմոնի թուխ դեմքն ու կասկածով ոտքից գլուխ չափեց։ Չգիտես ինչու՝ ցնցվեց, աչքերում մահվան սարսուռ ցոլաց։ Եվ այն է, ներքին բնազդով ուզում էր գլուխը թեքել, որ վտանգից խույս տա, ատրճանակը որոտաց։ Խոշոր մարմինը ցնցվեց, ձգվեց ու սղոցած կոճղի պես տապալվեց գետին։ Այս պահը Սողոմոնը շատ էր պատկերացրել, բայց բնավ չէր կարծել, որ այդքան արագ պիտի վերջանա։
- Նա՛ էր, նա՛, բռնե՜ք…
Գամվել էր տեղում ու չէր շարժվում։ Ոտքերի տակ լճանում, լերդանում էր արյունը։
Գցեցին ցած, սկսեցին ոտքերով ծեծել։
Ցավ չէր զգում։
- Ինչպե՞ս սպանեցիր այդ հսկա մարդուն, սրիկա՛։
- Իսկ նա ինչպե՞ս մեկ ու կես միլիոն անմեղ հայ սպանեց…
Դատավարությունն սկսվեց հունիսի 2-ին, Բեռլինի նահանգային 3-րդ ատյանում։ Դատախազ Գոլնիկը կանխամտածված սպանության համար մահապատիժ էր պահանջում։ Երկու օր տեւած դատավիճաբանության ընթացքում ելույթներ ունեցան բժշկական փորձագետներ, վկաներ, Սողոմոն Թեհլերյանի պաշտպանները, պատմաբան Յոհաննես Լեփսիուսը, զորավար Օտտո Լիման ֆոն Զանդերսը, առաջնորդական տեղապահ Գրիգորիս Պալաքյանը։ Երկրորդ օրվա վերջում երդվյալ ատենակալները մեկուսացան խորհրդակցության։ Մեկ ժամ հետո ավագ գործավար Օտտո Ռայնեկեն դատասրահ վերադարձավ, հրապարակեց վճիռը.
«ՀԱՐՑ – Հանցավո՞ր է ամբաստանյալ Սողոմոն Թեհլերյանը 1921 թվականի մարտի 15-ին Շառլոտենբուրգում կանխամտածված ձեւով Թալեաթ փաշա անձնավորությանն սպանելու համար։
ՊԱՏԱՍԽԱՆ – Ո՛չ»։
Անպարտ ճանաչվեց, դատարանի դահլիճից ազատ արձակվեց…
կարդացեք՝ այստեղ