«Այսօր վերհիշենք նաև, որ 1920 թ. դեկտեմբերին, երբ Հայաստանի առաջին Հանրապետությունը տեղի տվեց խորհրդայնացման ճնշմանը, Ազատ Սյունիքը՝ Գարեգին Նժդեհի ղեկավարությամբ մերժեց ընդունել խորհրդային իշխանությունը և հռչակեց իր անկախությունը։ Հայերի համար Զանգեզուրի գոյամարտը ազգային-ազատագրական պայքարի հերոսական դրսևորում էր, որը մղվում էր երկրամասը Ադրբեջանի մաս կազմելու խորհրդային վտանգից պաշտպանելու համար։
1920 թ. դեկտեմբերի 25-ին Տաթևի վանքում հրավիրվեց Համազանգեզուրյան 1-ին համագումարը։ Որոշվեց Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն՝ Ինքնավար Սյունիք կամ Լեռնահայաստան անվանումով, մինչև պարզ կդառնար Հայաստանի Հանրապետությանը միանալու հնարավորությունը։ Լեռնահայաստանի սպարապետ դարձավ Գարեգին Նժդեհը։ 1921-ի ապրիլի 27-ին, դարձյալ Տաթևի վանքում, կայացավ Համազանգեզուրյան 2-րդ համագումարը, որը երկրամասը պաշտոնապես կոչեց Լեռնահայաստանի Հանրապետություն։ Սպարապետ Նժդեհը դարձավ նորաստեղծ պետական միավորի վարչապետ և պարգևատրվեց «Խուստուփյան արծիվ» շքանշանով։ Համագումարի պատգամավորների կազմը՝ 95 հոգի հայտարարվեց որպես Լեռնահայաստանի պառլամենտ։ Մայրաքաղաք հռչակվեց Գորիսը, ընդունվեց հանրապետության պաշտոնական օրհներգը (հեղինակ՝ Տիգրան Սազանդարյան), դրոշը՝ հայկական եռագույնը և զինանշանը (նկարում):
Մեկ ամիս անց, ելնելով կտրուկ փոփոխվող քաղաքական իրավիճակից, Լեռնահայաստանը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն՝ Սիմոն Վրացյանի վարչապետությամբ (Նժդեհը մնաց իբրև սպարապետ՝ գերագույն գլխավոր հրամանատար)։ Նման անվանումն այդ պահին ուղղակի հակադրվում էր Խորհրդային Հայաստանին և մարտահրավեր էր նետում նրան։ 1921-ի հուլիսի կեսերին, Սյունիքը Խորհրդային Հայաստանին միացնելու երաշխիքներ ստանալուց հետո, Գարեգին Նժդեհը փոքր զորախմբով անցնում է Պարսկաստան, որով էլ ավարտվում է Լեռնահայաստանի Հանրապետության կարճատև, բայց վառ ու հերոսական պատմությունը»:
Ռուբեն Շուխյան