Երբեք՝ նույնիսկ մոտիկ ընկերներիս չեմ ասել ու չեմ պատրաստվում ասել՝ արի հանրահավաքի կամ աջակցի էսինչ քաղաքական ուժի, կամ եղիր այնտեղ, որտեղ ե՛ս եմ: Էսօր էլ չեմ ասելու նման բան: Ինձ համար կամավորության սկզբունքն առաջնային է, ու նույնիսկ, երբ ցանկություն կա, չեմ կարողանում էդ սահմանը հաղթահարել՝ մարդ պիտի ինքն ընտրի ինքն ուզի, ինքն անի կամ չանի: Ես չեմ սիրում քարոզչություն բառիս բուն իմաստով: Իմ քարոզչությունը կարող է լինել միայն հետեւյալը՝ կարող եմ ներկայացնել իմ տեսակետը, իսկ դուք կարող եք համաձայնել կամ չհամաձայնել՝ ամբողջովին կամ մասամբ: Հիմա իմ պատկերաացմամբ իրավիճակը հետեւյալն է: Վաղը՝ կախված այլեւայլ հանգամանքներից կարող է քաղաքական նոր փուլ բացվել: Վաղը կարող է դրվի իշխանության հարց: Ասում եմ՝ կարող է, չեմ ասում հաստատ: Բայց հնարավորությունները բավականին բարձր են, գուցե 50-50 ասեմ, գուցե ավել՝ դա ի վերջո հստակ հաշվարկի ենթակա չէ: Սա իրավիճակն է՝ մնացածը դուք որոշեք ըստ ձեր ճաշակի, ցանկության, կողմորոշման, նախասիրության եւ այլն:
Որպեսզի նախորդ գրառումս անհիմն չթվա, փորձեմ շատ համառոտ ամփոփել այն, ինչ ընդարձակ վերլուծություններով ներկայացվել է վերջին շրջանում հատկապես Իլուրում:
Ներքա քաղաքական իրավիճակը բնորոշվում է
1. Իշխանության դրական ասելիքի, հասարակության ուղված ուղերձի կամ թեկուզ ակնարկի, իշխանական "առաջադիմական", "բարեփոխում վերեւից" նախագծի սպառվածությամբ, փաստացի՝ ձախողմամբ: Սա նոր իրավիճակ է, միշտ չէ այպես եղել: Մինչ այդ իշխանությունը փորձում էր ձեւակերպել, թեկուզ ակնարկների տեսքով, աչքով-ունքովի տեսքով ինչ որ "բարեփոխիչ" ասելիք: Նույնիսկ ամենավատ իշխանության գործունեությունն ու միասնությունը չի կարող լիարժեք շարունակվել, եթե չկա գոնե ձեւական ասելիք:
2. Իշխանական կառուցվածքային պոտենցիալ ճգնաժամով, որը կապված է իշխանության ժառանգության հարցի հետ: Սերժի "վարչապետացան" ծրագիր, թե՞ Սերժի ժառանգորդ, եւ, եթե վերջինը, ապա ո՞վ:
3. Վերնախավային ճգնաժամով: Խոշոր բիզնեսի եւ իշխող վերնախավի շահերի հակասումը խորանում է, ավելի արտահայտիչ է դառնում, եւ կարող է նոր փուլ մտնել, եւ քաղաքական ավելի վառ արտահայտույուն ստանալ կապված հետագա զարգացումներից: Ցայսօր հայաստանյան համակարգի ուժը եղել է խոշոր բիզնեսի եւ իշխող վերնախավի միասնությունը:
4. ԱԺ-ում աննախադեպ դասավորվածությամբ՝ ոչ իշխանական ուժերի ներկայանալի քանակով: Սուր իրավիճակում դա կարող է բերել իշխող ուժի քայքայմանը եւ ԱԺ-ում նոր մեծամասնության ձեւավորմանը:
5. Հրապարակային զանգվածային քաղաքականության նոր փուլի հնարավորությամբ, որի առաջատար ուժը կարող է դառնալ ՀԱԿ-ն իր նոր "վերադարձով":
Այս ամենը նշանակում է նոր, ցայսօր չեղած իրավիճակ իր նոր հնարավորություններով: Անշուշտ խոսքն առայժմ հնարավորություների մասին է, եւ անշուշտ այս աշխարհում դեռ ոչ ոք չի կարողացել երաշխավորել որեւէ քաղաքական իրավիճակի ելքը: Բայց իրավիճակը սա է: Գուցե սա հեռու է շատերիս հարազատ ռոմանտիկ, մշուշոտ՝ պոեզիայից, այլ ոչ թե պատմությունից կամ կենդանի իրաանությունից փոխառած պատկերացումներից, թե ինչպես "պետք է լինի", բայց դա նույնիսկ ավելի լավ ու հուսադրող է:
Հրանտ Տէր-Աբրահամեան