Անցյալ տարի այս օրը ես հուսառատ էի... Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը գիտեի, որ վաղը որակապես նոր Հայաստանում եմ արթնանալու: Հայաստան, որտեղ կա քաղաքական լուրջ այլընտրանք ... կա թեև նորածին, բայց սուր արտահայտված դիմագծերով ու ամրակազմ ընդդիմություն: Ու ես հպարտորեն ձայն էի տալու այդ ընդդիմությանը:

 


Րաֆֆին այն էր, ինչ պետք էր այդ պահի համար: Հենց պահի, որովհետև երկարաժամկետում գուցե ընդդիմադիրի այդ ձևը ձանձրացներ: Նա, ով Րաֆֆու հանդես գալու այդ կերպը մտածել էր, դա արել էր սկուրպուլյոզ կերպով: Հաշվարկված ու մոդելավորված էր գրեթե ամեն ինչ: Ամեն ինչ, բացի մի բանից՝ Րաֆֆին ագահ էր… Ու հենց սա էր տապալելու այն, ինչը այդքան երկար կառուցվել էր ու պրոպագանդվել: Հոգացել էին ամեն ինչի մասին: Անգամ նրա, որ իշխանություններին չհամակրող քաղաքացին Րաֆֆուն այլընտրանք չգտնի: Մնում էր միայն, որ թագաժառանգը գար ու բազմեր ընդդիմության առաջնորդի գահին: Չարեց…

 


Անցյալ տարի այս օրը ես, քիչ, թե շատ, արդարացված որևէ պատճառ չունեի Րաֆֆուն չընտրելու համար: Րաֆֆին այն էր, ինչ պետք էր ինձ ու սահմանին տանը մենակ ապրող տատիկին, երևանաբնակ ուսուցչուհուն ու Տավուշի սարերում իր անասունին արածացնողին: Րաֆֆին այն սերն էր, որ պակասում էր այդ ժամանակի համատարած ատելության ու ցեխշպրտոցու ֆոնին: Րաֆֆին նա էր, ով ճահճում սուզվողներիս ձեռք էր մեկնելու:
Ուժեղ ընդդիմություն ունենալու մարմանջս մեծ էր: Մեզ պետք էր հենց նա՝ ուժեղ և կառուցողական մեկը, ով Լևոն, դաշնակ կամ մուսկուլավոր չէ… Հասկացող է, քննարկող, տրամաբանող, իր ուժերը ճիշտ գնահատող ու իրենից թույլի հետ հաշվի նստող: Րաֆֆին հենց այդպիսին էր: Ավելի ճիշտ այդպիսին էր Րաֆֆու համար ստեղծված մոդելը, որը նրան այդքան շատ էր սազում: Իսկը իր հագով կարած:

 


Ամենքս այս կյանքում մեր առաքելությունն ունենք: Ինչպես սողալու համար ծնվածը ճախրել չի կարողանա, այնպես էլ ճախրողն է միշտ բախվելու խնդրի, երբ սողալ որոշի: Րաֆֆու նմանները նախագահ չեն դառնում, ու դա ես հստակ գիտեի: Նրանց առաքելությունն ուրիշ է: Նրանք պետք է դա հասկանան ու ուժեղ ընդդիմություն լինեն, ապա ամեն ինչ լափող իշխանությունների համար կոկորդում լռված մեծ ոսկոր դառնան: Նրա նմանները գլխավոր հրամանատար ու երկրի անվտանգության երաշխավոր երբեք չեն դառնում: Ընդհակառակը, նրա նմանները հսկում են, որ այդ երաշխավորները ծառայեն ժողովրդին, ու դա անեն ճիշտ:

 


Փետրվարի 19-ը պետք է լիներ ընդդիմության առաջնորդի ծննդյան օրը, բայց Րաֆֆին չցանկացավ նշել այդ տոնը: Հիմա այլ մարդիկ ու այլ ձևով են դա փորձելու անեն: Խոսք անգամ չկա՝ այդ բոլոր բորենիները Րաֆֆուց էլ վատն են: Իսկ թե ինչ արդարացում է գտնելու նրանց ժողովրդի ջանին կապած Րաֆֆին, չգիտեմ: Եթե հասկանա՝ ինչ է արել, ու թե մի քիչ իր ժողովրդին սիրի, իրեն երբեք չի ների:
Րաֆֆու այսօրվա ելույթը չեմ լսելու: Ազատության հրապարակում ֆիասկո ապրած ու «Անի Պլազա»-ում քաղաքական ապաստարան գտած այս դիակն ինձ ասելու նոր բան չունի:

 

 

Գևորգ Ալեքսանյան, Ֆեյսբուք: