Թե երբևէ եղունգներդ մխրճել ես ափերիդ մեջ ու ցավդ կուլ տվել, ինձ կհասկանաս: Կհասկանաս, որ ժամանակի հետ դադարում ես սպասել: Ու պայքարել: Կհասկանաս, որ ամեն պայքար չէ, որ արժե ցավերիդ ու հիասթափություններիդ: Ես սեր եմ հյուսել քո վերքոտ ափերում, բայց ոչինչ չի ստացվել: Ես կարոտ եմ կապել ուժեղ մատներիդ, բայց դու լվացվել ես մոռացության ջրերով ու կորչել ես ժամանակների լաբիրինթոսում' ինձ թողնելով ծնկաչոք ու միայնակ: Ես դադարեցի սպասել քեզ ու թույլ տվեցի, որ կարոտները կուլ տան ինձ էլ, իմ սերն էլ: Դու չհասկացար ինձ, չսլացար ինձ մոտ, երես թեքեցիր այն փոքրիկ երջանկություններից, որ ունեցել ենք ու անհետացար: Ես չփոխվեցի, դու չտեսար, դու այնքան բան չտեսար, որ հիմա չեմ էլ կարող պատմել: Դու դրա կարիքը չունես էլ, ինչպես չունես իմ ու իմ քնքշանքների կարիքը: Իսկ թե ունես, այնքան հպարտ ես, որ չես մոռանա ցավերդ ու հիասթափություններդ: Այնքան հպարտ, որ նոր պայքարի մասին չես էլ մտածի: Եվ պետք չէ. ամեն պայքար չէ, որ արժե սերերիս ու երջանկություններիս:

 

Ժամանակի օվկիանների մեջ կկորենք, կխորտակվենք և երբ հույսի ալիքները մեզ համակերպվածության ափեր դուրս բերեն, մենք այլևս չենք հիշի միմյանց գոյության մասին: Մոռացության արևներ կշողան մեր վրա, քնքշության քամիները կխառնեն մեր մազերը, երջանկության անձրևները կմաքրեն մեր անմիմյանց հոգիները, և կսկսվի կյանք կոչվող ֆիլմի նոր սեանսը, որտեղ մենք կրկին կլինենք գլխավոր հերոսներ ու մոռացած միմյանց գոյության մասին կպարենք ու կխաղանք մեր դերերը' այդպես էլ չհասկանալով, թե ինչու են մեր մարմինների ստվերները գոյանում կարոտի շողերով: Սիրո ցերեկներին փոխարինելու կգան դատարկության գիշերները, բայց մեր ֆիլմը կանգ չի առնի ու մեզ հնարավորություն չի տա հետ գնալու և միմյանց գտնելու: Եվ մենք կպարենք ու կխաղանք' այդպես էլ չհասնելով միմյանց:

 

 

Մարի