Գրող, հրապարակախոս Մարի Բարսեղյան-Խանջյանի հոդվածը՝ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ.
«Քաղաքական գործչի՝ տվյալ դեպքում երկրի ղեկավարի՝ ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին, ճիշտ կատարած գործն է, որը նրա գործունեությանը հստակ և անսակարկ բնութագիր է տալիս:
Մեկ ու կես տարին իհարկե քիչ է, որպեսզի երկրում շրջադարձային փոփոխություններ լինեին, բայց և բավարար էին,որպեսզի ժողովուրդը տեսներ հենց այդ ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին, ճիշտ գործը:
Ի՞նչ է դա՝ այդ ճիշտ տեղում, ճիշտ ժամանակինը: Դա ներքին և արտաքին քաղաքականության այն ուղեգիծն է՝ վեկտորը, որը կա՛մ կա,կա՛մ չկա. և՛, և՛-ը բացառվում է: Իսկ մեր երկրում մեկուկես տարի և՛, և՛, և՛...և շարունակում է տիրել այս վիճակը: Ես իմ հոդվածներից մեկում գրել եմ, եթե նոր կառավարությունը՝ Ազգային ժողովի և Դատական համարկարգի հետ միասին հեռանան հեղափոխության ծրագրից, ապա ինչպես որ մեր ժողովուրդը մերժեց, բայց ցավոք չպատժեց Սերժին,այս անգամ էլ կասի՝ Գլորենք Նիկոլին և կհասնի դրան, որովհետև ինքն իր ուժը լավ գիտի արդեն: Դրա համար շնորհակալ ենք Ձեզ:
Այս մեկուկես տարվա բեմականացումը՝ մեկ դերասանի թատրոնում (այն դերասանին նկատի չունեմ) աղճատում է հեղափոխության դեմքն ու դիմագիծը, իսկ բովանդակությունը մակերես չի բարձրանում…Հեղափոխության առաջին պաշտպաններից եմ եղել՝ որոշ վերապահումով (փակագծերը հիմա չեմ բացի): Ես սրտացավ և տագնապած հոդվածներ եմ գրել, որոնք բազմաթիվ հոդվածների նման մնացին չընթերցված Ձեր կողմից. Ժամանակ չունեիք…Մեր հեղփոխության հիմնական նպատակը Սերժին իր հանցակազմով մերժելն էր: Հիմա մենք միայն այդ հիվանդ մարդո՞ւն մերժեցինք, որ չգիտենք, թե որքան է ապրելու: Իսկ նրա հանցավոր իշխանության կատարած ապօրինություններն ու թալանը չե՞նք մերժելու:
Այսօր ոչ պակաս օրհասական և ճակատագրական խնդրի առաջ ենք կանգնած հենց մերժված, բայց չպատժված Սերժի և նրա հանցավոր կառավարման պատճառով, և Դուք շարունակու՞մ եք այդ հանցավոր գործը:
Հարգելի՛ վարչապետ, խնդրում եմ, ժամանակ հատկացրե՛ք և լսե՛ք հարգարժան մասնագետներին. նրանց փաստերն ու փաստարկները գիտական են, գործնական են, հետևաբար և տրամաբանական են, և որ ամենակրևորն է՝ հայաստանակործան այդ ծրագիրը բացահայտող են:
Մի՞թե կառավարությունում արդեն չկան մարդիկ, ովքեր հիշեն, որ Երևանում ՝ Չարենցի փողոցի վրա գործում էր Երկրաբանական վարչությունը՝ լավագույն մասնագետներով: Մոտ մեկ տարի է՝ Ամուլսարի հանքարդյունահանման գործողությունները դադարեցված են՝ շնորհիվ Ջերմուկի հայրենասեր բնակիչների և նույնքան հայրենասեր երիտասարդների, ովքեր ամառ-ձմեռ կանգնեցին հանքերի ճանապարհին և թույլ չտվեցին վերսկսելու աշխատանքները: Իհարկե այդ հանքի շահագործումից առաջացած բնապահպանական աղետը միայն ջերմուկցիներին չէ, որ կվնասի. դա ամբողջ Հայաստանի խնդիրն է, հետևաբար նաև մեր ողջ ժողովրդին մտահոգող աղետ է: Դեռ անցյալ տարի Ձեր հանձնարարությամբ հետազոտություններ են գնում,բայց արդյունքը զրոյական է, որովհետև մասնագետ համարվողները շահագրգիռ կողմից են, իսկ կառավարության կողմից ովքե՞ր են ներգրավված:
Տարիներ առաջ,երկրաբան ընկերներիցս մեկը պատմեց, որ խորհրդային տարիներին երկրաբանական հետազոտությունների ժամանակ հայտնաբերել էին ոսկու պաշարներ, բայց թաքցրել էին Մոսկվայից, որովհետև վախեցել էին, որ ոսկու կորզումը կսկսվի անհապաղ, իսկ դա կործանարան կլիներ Հայաստանի համար: Ես հետաքրքվեցի տեղանքով, նա ասաց, որ դա պետական գաղտնիք է, և ինքը չի կարող որևէ մեկին ասել, որքան էլ ինձ վստահում է: Ուրմն դա Ամուլսարն է եղել:
Պարո՛ն վարչապետ, համացանցը պայթում է հայաստանցի երկրաբանների մեկնաբանություններով և գիտական վերլուծություններով, որոնք ապացուցում են,որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը կործանարար կլինի ամբողջ Հայաստանի բնության, հետևաբար ողջ երկրի, հետևաբար՝ մեր ժողովրդի առողջության, հետևաբար նրա գոյության համար Դուք չե՞ք լսում այդ հաղորդումները:
Ժամանակ գտեք և լսե՛ք մասնագետների կարծիքն այն մասին, թե ինչ կործանարար հետևանքներ կլինեն Ամուլսարի շահագործման դեպքում:
Կառավարությունում պատճառաբանում են 700 միլիոն դոլարի տուգանքից խուսափելու կարևորությունը: Հիմա ի՞նչն է կործանարար մեր երկրի ու ժողովրդի համար,այդ 700 միլիոն դոլար տուգանք մուծե՞լը, թե՞ մեր երկիրն ու մեր ժողովրդին բնապահպանական աղետից և կործանումից փրկելը:
Այդ 700 և չգիտեմ ինչքան միլիոնը հանե՛ք մեր երկիրը թալանած պաշտոնյաների բանկային հաշիվներից, և դա թող լինի որպես տուգանք հենց նրանց, ովքեր կնքել են այդ պայմանագիրը:
Դուք վստա՞հ եք, որ այդ պայմանագրի հիմքում կոռուպցիոն ռիսկեր չեն եղել և հիմա էլ գլուխ չեն բարձրացնում:
Դուք ճկուն միտք ունեք, գործի՛ դրեք այն: Ապացուցե՛ք, որ կռահել և հասկացել եք,որ այս գործարքի հիմքում կա քրեական կազմ և դադարեցրե՛ք Ամուլսարի շահագործումը և Դուք դրանով կհաստատեք, որ Ձեր հեղափոխությունն ազնիվ մղումներ ունի:
Հ.Գ. լսե՛ք այս հարգարժան երկրաբան-հանքագետին»: