Արդեն չի հիշում, թե քանի օր է, որ այսպես կանգնում է պատուհանի մոտ ու նայում միայնակ փողոցի լռությանը, զգում նրա թախիծն ու անպայման նայելով ստուգում, թե Լուսինն ինչպիսին է…
Լուսնից շատ բան է կախված:
Նրա վրա կատարվող ամեն մի փոքր, չերևացող երևույթ անդրադառնում է դեպի մեզ՝մարդիկ:
- Կառողջանա, անպայման կառողջանա,- ցածր ասաց կինն ու այդ պահին լսեց հեռավոր մի ձայն շատ նման շան հաչոցի, հետո կարծես թե մեքենայի շարժիչի ձայն էր, որ հասավ ականջին:
Քամին բերում էր հասցնում նրա ականջին ձայներ՝ ապացույց, որ աշխարհը դեռ ապրում է, որ ինքը միայնակ չէ, որ իր անկողնում պառկած հարազատ մարդը դեռ կարող է ապաքինվել…
«Ապաքինվել, Աստված իմ միայն թե ուշքի գա, արդեն քանի՞ օր է որ…»
Անընդհատ կրկնում է
«Սիրո՞ւմ ես, սիրո՞ւմ ես», եթե անգիտակից է ապա որտեղից լսվում նրա ձայնը, ի՞նչ է դրանով հասկացնում…
Միգուցե իսկապես Լուսինն ունի հատկություն ինչ որ բան հասկացնելու, փոխելու ինչ որ ընթացք ու ձեռք մեկնելու իրեն այդքան խնդրողներին, ունի իհարկե, ես հավատում եմ…
Բոլոր Աստվածների կողմից մոռացված այդ փոքրիկ բնակարանում թվում է թե երկուսով են, բայց ոչ, թախիծն էլ է այստեղ, քամին էլ ու նոթերը տարօրինակ ձևով կիտած ծեր Լուսինը՝ միակ մխիթարանքն ու հույսը:
Անկողնուց նորից լսվեց հերթական «Սիրո՞ւմ ես, սիրո՞ւմ ես»:
Մոտեցավ անկողնուն, շոյեց տղամարդու գլուխն ու հասկացավ, որ դա միայն իրեն թվում է, որ նա չի կարող խոսել, որ դա իր վառ երևակայության արդյունքն է, դա Լուսնից եկող ինչ որ արձագանք է:
Տխրեց:
Գլուխը հենեց տղամարդու կրծքին, ափերով զգույշ շոյեց արդեն մազակալած դեմքը, զգաց որ երկար չի դիմանա այսպես, հիշեց բուժող բժշկի խոսքերը.
- Նրան տուն է հարկավոր տանել, դե ինչքան դիմանա, դիմանա, բժշկությունն անզոր է:
Հիշեց բժշկին, որը շատ նման էր Լուսնից իջած մարդու, հիշեց տարածած ձեռքերը, որոնք նրան տվեցին սպիտակ խաչի տեսք…
- Այսօր ուրբաթ է, Լուսնաթով, միգուցե ամեն ինչ կարգավորվի…
Այդ օրվանից սկսած կինը սկսեց պաշտել Լուսնին:
Ամեն գիշեր նստում էր պատուհանագոգին ու երկար նայում Լուսնին՝ երկնային անհայտ ուժերի այդ կիզակետին ու սպասում, աղոթում իր իմացած աղոթքներով, որոնք տարբերվում էին սովորոկան աղոթքներից:
Տղամարդը հանկարծ կարծես լսելի շշնջաց.
- Եթե սիրում ես…,- շարունակությունը միշտ մնում էր կիսատ:
- Ես կգժվեմ, այս ի՞նչ ձայներ են ականջիս հասնում, սա ի՞նչ է, ի՞նչ անտանելի երևույթ:
Մոտեցավ պատուհանին, նայեց Լուսնին:
Լուսինը լողաց իր պարագծով ու տարածվեց երկնակամարում, դարձավ տձև ու հանկարծ վայրենի արագությամբ սլացավ դեպի կինը:
Կինն ակամա ետ քաշվեց պատուհանից, ափով փակեց բերանն ու շրջվեց դեպի անհանգիստ շնչառությամբ տղամարդը:
Տղամարդը տնքում էր և սա արդեն երևակայություն չէր այլ պարզ ու հստակ տնքոց:
Կյանքը շարունակվում էր, ուղեղի մեջ, պտտվում, խառնվում հիշողության բոլոր լարերին, անսովոր մի երաժշտություն էր, մեկ հաճելի մեկ տհաճ, ցավ էր, անքնություն, հույս էր ու սև գիշերվա մեջ սպիտակ մի լուսնաձեռք, որը կարմիր թղթի վրա բառեր էր գրում, անհասկանալի, տաք ու դա պատրանք չէր:
Հիշեց տղամարդու խոստովանանքը.
- Շատ եմ սիրում սուրճ խմել, բայց պատրաստել չեմ սիրում:
Գնաց խոհանոց, չգիտես ինչու պատրաստեց երկու բաժակ սուրճ ու սկուտեղի վրա մտավ սենյակ:
« Հիմար եմ, կորցնում եմ ինքնատիրապետումս, սա արդեն բանի նման չէ, իսկ ես դեռ պետք եմ նրան:»
Պատուհանին երևաց կնճռոտ մի դեմք, հետո լսվեց ապակուն հպվելու մի նուրբ թակոց:
Կինը վախից ցած գցեց սկուտեղն ու սեղմվեց պատին:
- Բաց արա՛, ես եմ' Լուսինը, մի՛ վախեցիր:
Ոտքերը մի կերպ շարժվեցին դեպի պատուհանը:
Ձայնը բարի էր, Աստվածային, բայց վախ ներշնչող:
- Հիշո՞ւմ ես, ամառանոցում, երբ առանձնացար նրա հետ ու ման էիք գալիս, հանկարծ ձեր դիմաց երևաց մի ձոր, խոր, կարծես անհուն, հիշի՛ր, դա քեզ կօգնի ազատվելու իմ ներկայությունից, հիշի՜ր…
- Աննա, մոտ արի, տես ինչ գեղեցիկ է ձորը, այստեղից անհություն է բուրում, պատկերացնո՞ւմ ես , եթե ես բանաստեղծ լինեի՜:
- Զգույշ, հիմարություն ես անում, ետ արի, ես վախենում եմ:
- Արի այստեղ, մի վախեցիր:
Աննան մոտեցավ, բռնեց տղամարդու ձեռքն ու նայեց ներքև:
Գլուխը պտտվեց:
- Սարսափելի է, ետ գնանք:
- Գեղեցիկն ինչպե՞ս կարող է սարսափելի լինել, նայիր, հրաշք է:
Աննան ձեռքը բաց թողեց, մի քայլ ետ գնաց ու հանկարծ հարցրեց:
- Դու սիրո՞ւմ ես ինձ:
- Իհարկե սիրում եմ, դա ի՞նչ հարց է:
- Եթե սիրում ես, ցած նետվիր դեպի քո այդ գեղեցիկը:
Տղամարդը ժպտաց, հետո կարծես սթափվելով ինքը հարցրեց:
- Իսկ դո՞ւ:
- Ես ի՞նչ:
- Դու սիրո՞ւմ ես ինձ:
- Իհարկե, սիրում եմ:
- Եթե սիրում ես ինքդ հրիր ինձ…
Աչքերը բացեց, պաուհանին մի հետք էր, լուսնաձեռքի սպիտակ հետք:
Աննան երկու ձեռքով բռնեց գլուխն ու արագ վազելով մոտեցավ անկողնուն ու հրեց տղամարդուն:
Տղամարդն ընկավ հատակին:
…Հեռվից մի ձայն լսեց, հարազատ ու խնդրող:
- Աննա, ջո՜ւր…
Աչքերը բացեց, տղամարդու կիսաբաց աչքերը նայում էին իրեն:
- Ի՞նչ:
- Ջո՜ւր, խնդրո՜ւմ եմ…
Ուրբաթ էր:
Լուսնաթով:
Ս.Ումառ