Հայտնի է, որ Հայ Արշակունիների աճյուններն ամփոփվել են Մեծ Հայքի Ծոփաց աշխարհի Անգեղ եւ Բարձր Հայքի Անի ամրոցում /չշփոթել Շիրակի Անիի հետ/: Այստեղ էին պահում նաեւ արքունի գանձերը։ Ըստ հին հավատալիքի, արքաների ոսկորները ապահովում էին երկրի հզորությունն ու անպարտելիությունը։ 360-ական թթ. պարսից արքա Շապուհ Բ Երկարակյացը պատերազմում էր հայերի դեմ: Թշնամուն հաջողվում է գրավել հայոց Անգեղ եւ Անի ամրոցները: Պարսիկները քանդում են հայ արքաների գերեզմանները, հավաքում նրանց ոսկորները, որպեսզի «փառքը, բախտն ու քաջությունը» տեղափոխեն Պարսկաստան: Այրարատում Վասակ Մամիկոնյանը ջարդում է թշնամուն: Սպարապետը վերցնում է արքաների ոսկորները, բայց դրանք այլեւս նախկին հանգստարանում չեն ամփոփում: Հիմնական պատճառն այն էր, որ Անին ավերված էր: Արքունիքն ու եկեղեցին որոշում են ոսկորներն ամփոփել Այրարատյան աշխարհում։ Ըստ Խորենացու, քանի որ արքայական ոսկորները խառնվել էին եւ հնարավոր չէր քրիստոնյա արքաներին զատել հեթանոս թագավորներից, դրանք արժանի չհամարեցին տեղափոխել Վաղարշապատ: Արագած լեռան փեշերին՝ Աղձք գյուղում, կառուցեցին նոր դամբարան եւ կատարեցին վերաթաղման արարողություն:
Այդ դամբարանը գոյություն ունի ավելի քան 1650 տարի, սակայն թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում քչերը գիտեն նրա գոյության մասին:
Գառնիկ Գույումջյան