Կյանքի հետ հաշիվները փակած մարդը օղակը պարանոցին գցելու պահին նկատում է դիմացի շենքից վայր ընկնող փոքրիկ աղջնակին: Ինքնասպանության պատրաստվող մարդը փրկում է փոքրիկին, վայր ընկնող փոքրիկն էլ' իրեն փրկողին:
Արշակ Զաքարյանի «Անպետքը» կարճամետրաժ ֆիլմը մեծ արձագանք գտավ հանդիսատեսի շրջանում: Արժանացավ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Տարվա բացահայտում» մրցանակին: Ֆիլմը ներկայացված է լեհական «Զում-Զբիլժենիա» անկախ ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոնում: Գլխավոր դերում Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի դերասան ԳԵՈՐԳԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆՆ է: Դերասանի կարծիքով' ֆիլմի հաջողությունը պայմանավորված է առաջին հերթին խնդրի կարևորությամբ: «Ինչ-որ ձևով պետք է կանխել ինքնասպանությունները, այս առումով ռեժիսորի մտահոգությունն անչափ կարևոր է: Երբ ինչ-որ դեպք առաջին անգամ է լինում, ասում են' ողբերգություն է: Իսկ երբ շարունակական է դառնում, մի տեսակ վերածվում է սովորության: Մենք կարծես սովորել ենք, որ մարդիկ ինքնասպան են լինում»,- ասաց նա:
-Ինքնասպանությունը օգնության կանչ է համարվում, կարծում եք՝ այս ֆիլմը կփրկի՞ գոնե մեկ մարդու կյանք, ով իրեն «անպետք» է զգում:
-Հուսով ենք, իհարկե, դժվար է փաստեր արձանագրել, առնվազն պետք է ինչ-որ մեկն անկեղծանա ու ասի, որ ֆիլմն իր գործն արել է:
-Ֆիլմը նմանեցրել էին սերիալի, ի՞նչ կասեք այդ մասին:
-Անիմաստ, անմիտ համեմատություն է: Սերիալը մանրացրած, մսաղացի նման թեմաները «աղում», «հանում» է, իսկ այս ֆիլմը հարց է բարձրացնում ընդամենը 11 րոպեում:
-Կարծեմ, հուզականության համար էր այդ համեմատությունն արվել:
-Բնական է, որ ֆիլմը պետք է հուզի հանդիսատեսին: Նախ՝ մտածված չենք հուզականություն հաղորդել, այդպես ստացվել է և, անկեղծ ասած, այո, ինձ էլ է հուզում ֆիլմը: Բայց սերիալի առաջացրած հուզումն ուրիշ է, դուք լավ գիտեք, ինչ է կատարվում սերիալներում:
-Ասում են նաև, որ միայն Ձեր խաղն է կենդանի ու հաջողված:
-Անկեղծ ասած, որպես դերասան, ես ուրախ եմ, որ այդչափ հաջողվել է իմ աշխատանքը: Ռեժիսորն էլ է ասում, որ Գեորգիի խաղը 20-30 անգամ բարձրացրել է ֆիլմի արժեքը: Բայց, բոլոր դեպքերում, ֆիլմը չէր կարող կայանալ, եթե չլիներ ռեժիսորի, օպերատորի, մոնտաժողի, դերասանների աշխատանքը: Դա իմ կարծիքն է: Իսկ այն, որ հակասական կարծիքներ կան, նշանակում է' լավ ֆիլմ է ստեղծվել: Թեև դրական արձագանքներն ավելի շատ են:
-Չե՞ք կարծում, որ ֆիլմի կարճ լինելը նույնպես հաջողություն է ապահովում՝ հեշտ է տարածելը համացանցում, շատ ժամանակ չի պահանջում նայելու համար: Մյուս կողմից՝ կինոգետներից մեկը նկատել էր, որ անավարտություն կա ֆիլմում:
-Ասեմ, որ ֆիլմը շարունակություն ուներ, որտեղ ցույց ենք տալիս, թե ինչպես է միանում հերոսի ընտանիքը: Բայց մենք չընդգրկեցինք այդ հատվածը, կարծում եմ' հանդիսատեսը պետք է որոշի' վերջ կտա՞ հերոսն իր կյանքին, թե՞ ոչ: Երեխայի հայրը տեսնում է, թե ինչ էր պատրաստվում անելու իր երեխային փրկողը, և բնական է, որ չպետք է թույլ տար նրան ինքնասպան լինել: Բայց այլ հարց կա. իր ներսում նա կհրաժարվի՞ ինքնասպանության մտքից: Ըստ իս' այս կերպ ավելի ազդեցիկ է ֆիլմը:
-Ես կարծում եմ, որ հակառակը չի կարող լինել:
-Այո, երեխայի հայտնվելը չէր կարող պատահական լիներ, երեխան էլ իրեն պետք է փրկի:
-Ֆիլմը մեր կողքին ապրող անտեսված, անպետք համարվող մարդու մասին է, մարդու մեջ թաքնված լույսի: Ինչո՞ւ չենք տեսնում մարդու միջի լույսը, որովհետև պակասե՞լ է այդ լույսը, թե՞ որովհետև չենք տեսնում:
-Ե՛վ պակասել է մարդկանց միջի լույսը, և՛ չենք տեսնում: Տեսնողները ուժ չունեն մարդկանց լուսավորելու, ձեռք մեկնելու, մարդիկ էլ կան, որ կարող են օգնել, բայց բացարձակ անտարբեր են: Շատ բան է փոխվել վերջին 20 տարում, արժեքներ են փոխվել, մարդու վերաբերմունքն է փոխվել մարդու նկատմամբ: Ես նայում եմ՝ աղբանոցի մոտ մարդ կա, սիրտս մղկտում է, չգիտեմ' ե՞ս ինչ անեմ, ասեմ' մի՛ արա, բա որ ասի' ինչո՞վ ապրեմ: Բայց կան անտարբեր մարդիկ, ջիպերով անցնում են, ու իրենց համար միևնույն է:
-Ասում են' արվեստը պիտի ծառայի կյանքին: Այսօր ստեղծվող արվեստը կատարո՞ւմ է իր այդ ֆունկցիան:
-Գիտե՞ք ինչ, մեր ֆիլմը, այո, ապացուցեց, որ ծառայում է, եթե կես միլիոն մարդ նայել է ֆիլմն ու հուզվել, ուրեմն ամեն ինչ չէ, որ կորած է:
-Բոլորովին վերջերս հեռուստատեսությամբ ցուցադրեցին խորհրդային ժամանակներում նկարահանված «Գողը» ֆիլմը: Իբրև օրինակ եմ նշում: Ինչո՞ւ հնարավոր չէ նման բարի ֆիլմ նկարահանել այսօր:
-Հեռուստաընկերությունները մասնավոր են, իրենց համար կարևորը գումար քաղելն է: Չեմ ուզում նեղացնել մեր հայրենակիցներին, բայց սերիալները նկարահանվում են միջինից ցածր խավի մարդկանց համար: Ես էլ եմ սերիալում նկարահանվել զուտ գումարի համար, որովհետև, հավատացեք, 54 հազար դրամով չեմ կարող ապրել:
-«Անպետքը» նայելիս' Դասթին Հոֆմանի «Հերոսը» ֆիլմը հիշեցի, ինչ-որ նմանություն եմ տեսնում ֆիլմի տրամադրության հետ, Ձեր կերպարի:
-Դուք առաջինը չեք, որ նման կարծիք եք հայտնում: Դեռ 80-ականներին են ասել, որ նմանեցնում են: Ես շոյվում էի, բայց լուրջ չէի ընդունում:
-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում, Ձեր համագործակցությունը Արշակ Զաքարյանի հետ շարունակվելո՞ւ է:
-Արշակ Զաքարյանն այս ֆիլմից հետո ինձնից «պոկվելու» միտք չունի: Նախագծեր է ներկայացրել կինոկենտրոնին' լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի: Նրա աշխատանքները արդեն մեծ հետաքրքրություն են առաջացնում։
-Ի՞նչ զգացողություն ունեիք ֆիլմում նկարահանվելիս:
-Անկեղծ ասած' հեշտ չէ ինքնասպանի մաշկի մեջ լինելը, բոլոր դեպքերում, ռեժիսորի օգնությամբ փորձել եմ անել այն, ինչ արել եմ:
Զրույցը'
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ