- Բարև, Արամ:
- Բարև, ի՞նչ է պատահել, իմացա՞ր երբ ես մեկնելու:
- Հա, վաղը՝ մայիսի 5-ին: Չգիտեմ ինչու շատ եմ ուրախ այսօր: Հաստատ հիմա համոզված եմ, ուզածս եղավ: Գնում եմ Աֆղանստան՝ դեսանտային: Ծիծաղո՞ւմ ես: Ծիծաղիր, բայց ես այլևս չեմ կարող: Զզվել եմ ամեն ինչից: Ճիշտ է, կկարոտեմ իմ Երևանին, բայց ուզում եմ գնալ: Հիշո՞ւմ ես Արմենին, որ զոհվեց այնտեղ: Տասնհինգ օր հազիվ ծառայած լիներ: Գնանք, մի քիչ քայլենք, ով գիտի միգուցե վերջին անգամ եմ այստեղ քայլում:
Ու քայլեցինք: Լենինի հրապարակում, երգող շատրվանների մոտ շատ մարդ կար հավաքված: Մեծ մասը երիտասարդներ էին և օտարերկրացիներ: Հրապարակի ժամացույցը ղողանջեց: Ժամը ինն էր: Գարունը հոսում էր բոլորի երակներով:
- Արամ, մտնե՞նք բար, սառը շամպայնով ինձ հաջողություն կցանկանաս:
Մտան: Սեղանների շուրջ խնդուն դեմքեր էին: Նրանց համար կռիվ չկար: Շամպայն պատվիրեցին, լցրեցին բաժակները: Դեռ ինչ փորձություններ կանցնեն նրա գլխով: Թե ինչեր կտանի առանց այն էլ ծանրացած սիրտը, ոչ ոք չգիտեր:
Միալար թըխկթըխկում են ռելսերը: Պատուհանի մոտով սահեց անցավ Երևանի կայարանը, հետո բարդիներ ու բարդիներ: Հեռվում սպիտակին էր տալիս Մասիսի ճերմակ գագաթը, որը դեպի իրեն էր ձգում, ձգում ու կլանում նրա հոգին: Դեմքը հեռացրեց պատուհանից, որը կարծես արտասվում էր: Գոլորշու կաթիլները գլորվում էին ներքև ու ճանապարհի նմանվող բիծ թողնում ետևից:
Շրջվեց ու նայեց տղաներին.
- Չէ, ախպերս, ղուրբանդ էղնիմ, էնքան լավ բաներ պատմեմ, որ բերանդ չկրնաս փակես, ու մի գլուխ քրքջաս: Ծո, սոված մեռանք: Կտոր մը բան ուտենք: Վեշ-մեշոկս հլա տուր: Վա՜խ, մորս էփած հավն է:
- Պարույր ջան, դանակդ տուր բաստուրմա կտրեմ:
- Տղերք, էն գնդապետին էլ կանչենք հյուրասիրենք: Հայկական խորտիկներից չի հրաժարվի:
- Ծո, ինչխ որ խորոզ էղնիս, ընպես կը թռվռաս, կամաց խնդա, էլի: Ծո, Ստեփան, դու ինչխ ես:
- Իշթե, Պարույր ջան, կարա՞մ քո հետ վատ լինեմ:
Եվ գնացքը տանում էր ու տանում նրանց դեպի մութ անհայտություն: Թբիլիսի, հետո Բաքու: Ծով, ինչքան լավն ես, երբ քեզ ափից են նայում: Այսպես էլ կյանքն է: Ինչքան հեշտ է թվում ապրելը, երբ նայում ես կողքից:
Տղաները նավի վրա էին արդեն, ծովի գերության մեջ: Կյանք, ի՞նչ ես դու, պայքար, բերկրանք, թե ուղղակի մահվան նախաշեմ: Այն ժամանակ նրանց այդ չէր հետաքրքրում: Երիտասարդ հոգին ուզում էր տեսնել, շոշափել, զգալ կյանքը, ինչպես և մահը, որը գուցե ամենուր է, մեր կողքին, մեր գլխին կախված:
Նրանք գնում էին տեսնելու մահը, այն հետո կբռնեն իրենց կենդանի ձեռքերով և կթքեն նրա լկտի երեսին: Իսկ այժմ, ուսումնական տագնապ: Վեր կաց, ստացիր զենքը: Վազք ու ավտոմատների չխկոց, կոշիկների դմփոց:
Երիտասարդ սպան նայեց ժամացույցին: Ժամը չորսն է: Շուտով կլուսանա: Աջ դարձ: Վազքով մարշ: Դոփյուն, կաթում է քրտինք: Ի՞նչ դժոխային շոգ: Միջինասիական անապատ: Տաք ավազ: Աղուտներ ու վազող զինվորներ: Ծանր է ուսապարկը: Արդեն արևը այրում է: Քրտինքը հոսում է առվի նման, ոտքերը ցավում են: Ջուր, մի կում ջուր: Շոգ է անտանելի, ետևում է արդեն վեց կիլոմետրը: Հասանք մի ձորակի, թաքնվեցինք այնտեղ: Պայմանական թշնամին պետք է, որ մոտ լինի:
- Պարույր, մի բան պատմիր, ծիծաղենք:
- Ծո լեզո՞ւ է մնացել, որ կրնամ բան պատմեմ: Չորացավ, գնաց: Քաղցր լեզուս չորացել ու ուղտափուշ է դարձել:
- Հա, հա, հա:
- Այ տղա, էդ ինչ բառապաշար ունես, հո գրպանիցդ չես հանում բառերը, տնաշեն:
- Ծո մի քիչ ջուր լիներ: Սերյոժա, դու գիտե՞ս, թե մեր Հայաստանի ջուրն ինչ լավն է / ի դեպ, այդ Սերյոժայի դիակի մոտ է մեկ գիշեր հերթապահել Վարդանը/: Ծառայությունից հետո արի մեզ մոտ, ջուրն ինչ, ընենց քյաբաբ ու խորոված ուտեցնեմ:
- Տղաներ, ջրի մասին մի խոսեք, ավելի կծարավեք:
- Է, ընկեր ավագ լեյտենանտ, ջուրը ինչ, այ թե մի վեդրո սառը թան լիներ, այ գործ եմ ասել: Դե թանը դա խմիչք է՝ մածունով ու ջրով սարքած: Դե, մածունն էլ, է, ինչպե՞ս բացատրեմ: Կգաք Երևան ու կփորձեք, նոր կհասկանաք: Թե չէ բառերով դա չես բացատրի:
- Լավ, տղաներ, վեր կացեք: Մինչև մութն ընկնելը պետք է հասնենք: Դիմացեք այստեղ, հետո, որ Աֆղանստանում հեշտ լինի: Չէ՞ որ դեսանտային զինվորը օդում արծիվ է, գետնին ձի, բայց կռվի ժամանակ էլ հովազ: Դե, պատրա՞ստ եք: Վազեցինք:
Մոտեցան թռիչքների օրերը: Ավագ լեյտենանտ Լիսովը անընդհատ բացատրում էր, քանդում պարաշյուտը մի փոքր սխալ նկատելու դեպքում: Եվ ահա եկավ սպասված հուզումնալից պահը: Ուղղաթիռում աղմուկ է: Տղաները խուսափում են իրար նայել:
- Է՜յ, Պարույր, լեզուդ կուլ տվի՞ր, ի՞նչ ես մտածում:
- Ծո, մտածում եմ, բա որ պարաշյուտը չբացվի, հրամանատարի ձեռքից ոնց եմ պրծնելու: Որ չբացվի, դե արի ու հավատացրու, որ ճիշտ ես հավաքել: Էնքան քանդել ու հավաքել կտա, որ մատներս կմաշի:
- Ոչինչ, ախպեր, դու որ թռար ու չբացվեց, տար պահեստ ու շուտ փոխիր: Մի հատ էլ թռի, չբացվեց, քեզ մնում է թույն խմել:
- Հա, հա, հա,- քրքջում է ողջ անձնակազմը և անմիջապես լռում: Այո, հրամանատարը արդեն թռիչքի է հրավիրում: Ստեփանի սիրտը ուժեղ խփում է, չնայած արդեն Պարույրն էլ թռավ, օդի մեջ ինչ-որ բան գոռալով, բայց միևնույնն է: Կրծքի տակ մարծես մի թռչուն է թպրտում: Աղմկում է շարժիչը: Հազիվ լսվում է հրամանատարի ձայնը: Նա նշան արեց, ձեռքով դռնից ետ քաշվեց ու…
- Նու, Ստյոպկա…
Ոտքերը կտրվեցին ուղղաթիռից: Կախվեց օդի մեջ: Միանգամից այնպիսի անդորր տիրեց, որ զարմանալի էր: Այնպես թեթև է ընկնում, կարծես իսկական արծիվ լինի թևերը տարածած: Հանկարծ, ուժեղ մի հարված: Կարծես մի ձեռք բռնեց նրան: Բացվել էր մեծ ու սպիտակ գմբեթը նրա գլխավերևում: Ինչ հիանալի է աշխարհը, երբ նրան վերևից ես նայում: Կանաչ դաշտ է ներքևը: Հեռվում տներ: Ահա, այն կողմում ուղտեր են արածում: Ներքևում նույնպես քո գմբեթի նման սպիտակ գմբեթներ են կախված օդում: Հողը մեծ արագությամբ, կարծես դեպի քեզ է գալիս: Հարված գետնին: Նա ընկավ և անմիջապես կանգնեց: Վազքով հավաքեց պարաշյուտի գմբեթը: Ոտքերը դողում էին: Բայց կրծքի միջի թռչունը արդեն հանգիստ էր: Ճիշտ է ասում ավագ լեյտենանտը՝ ‹‹Ուր էլ գնաս, արծիվս, հիշի՛ր, որ երկիրը սպասում է քեզ…››