Մենոպաուզան՝ դաշտանադադարը, կնոջ կյանքի բնականոն փուլերից մեկն է: Սա այն ժամանակաշրջանն է, երբ դուք «վերջապես» հրաժեշտ եք տալիս ամսեկաններին: Փոփոխությունների այս շրջանը, որ հաճախ կոչում են մենոպաուզալ անցում կամ պերիմենոպաուզա, կարող է սկսվել ձեր վերջին մենստրուացիայից դեռևս տարիներ առաջ և դրանից հետո շարունակվել մեկ տարի:

Երբ մեկ ամբողջ տարի դաշտան չտեսնեք, կարող եք ասել, որ անցել եք մենոպաուզայի փուլը: Մենոպաուզայի համար չկա հստակ տարիք. որոշ կանանց մոտ վերջին մենստրուացիան լինում է 40 տարեկանում, այլոց մոտ՝ 50-ում:

Այսպիսով, ի՞նչն է վկայում, որ դուք մենոպաուզայի փուլում եք:

► Անկանոն մենստրուացիա
Նկատելի առաջին նշանը, թերևս, ամսեկանների անկանոնությունն է: Այն կարող է կարճատև լինել կամ երկարատև (մեկ շաբաթից ավել), առատ կամ սակավարյուն: Այս փոփոխությունները նորմալ բնույթ են կրում, սակայն, այնուամենայնիվ, պետք է խորհրդակցել բժշկի հետ:

► Տաք հոսանքի զգացում
Տարածված գանգատներից է ջերմության հանկարծակի զգացումը մարմնի վերին հատվածներում կամ ամբողջ մարմնով մեկ: Դեմքը և պարանոցը կարմրում են, կրծքավանդակի, մեջքի, թևերի հատվածում կարմիր կետեր են հայտնվում, առատ քրտնարտադրություն է սկսվում և սառը դող: Ջերմության հոսքն ընդհանուր առմամբ տևում է 30 վայրկյանից 10 րոպե:

► Քնի խանգարումներ
Դժվարանում եք քնել կամ էլ վաղ եք արթնանում:

► Անկայուն տրամադրություն
Մենոպաուզայի ընթացքում հնարավոր է, որ ավելի քմահաճ և զգայուն դառնաք:

► Փոփոխություններ սեռական ցանկություններում
Սեքսի նկատմամբ հետաքրքրությունը կարող է նվազել կամ անհետանալ: Այլևս հնարավոր չէ հղիանալ: Պետք է հիշել, որ առկա է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով վարակվելու ռիսկ:

► Ֆիզիոլոգիական փոփոխություններ
Սեռական օրգանների հատվածը չորանում է և բարակում՝ էստրոգենի մակարդակի փոփոխություններով պայմանավորված: Այս փաստը կարող է ավելի նվազեցնել սեռական ցանկությունը, քանի որ հարաբերության ժամանակ անհարմարավետության զգացում է առաջացնում: Դա նաև մեծացնում է հեշտոցի կամ միզուղիների հիվանդություններով վարակվելու ռիսկը: Ֆիզիոլոգիական փոփոխությունները ներառում են նաև՝ մկանային զանգվածի և ճարպի ավելացում, հոդացավեր և մկանային ցավեր:

Ոչ բոլոր կանայք են նույն նշաններն ունենում. ոմանց մոտ դրանք ուժեղ են դրսևորվում, այլոց մոտ՝ շատ թույլ: Ախտանշանները պայմանավորված են ձվարաններում արտադրվող կանացի հորմոնների՝ էստրոգենի և պրոգեստերոնի փոփոխվող մակարդակներով:

Նյութը պատրաստված է հատուկ Dr. Pavel Sotskiy էջի համար: Մասնակի կամ ամբողջական վերահրապարակում անելիս հղումն այս էջին պարտադիր է:

 

Dr. Pavel Sotskiy