Անքննելի և անքննադատելի Ինքը՝ Աստված է միայն, և բացի նրանից՝ մնացած բոլորը շատ հանգիստ կարող են քննարկվել և քննադատվել. անկախ նրանից՝ նա ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյա՞նն է, թե՞ կոշկակար հայրս: Երկու արտիստների մասնակցությամբ Սուրբ ծննդյան ծիսակարգի այս աստիճան մանր և անքաղաքավարի քննարկումը, մեղմ ասած, վայել չէ ոչ մեկիս, առավել ևս վիրավորանքների և հայհոյանքների մակարդակի իջնելը զզվելի բան է: Այո՛, երկրիս կառավարիչները հասարակությանը հասցրել են ատելության և զզվանքի մի այնպիսի աստիճանի, որ եթե վաղը անձամբ Մովսես մարգարեն իջնի Երևան և սխալմամբ հայտնվի Բաղրամյան 26-Ի մոտերքում, հավանական է, որ նրան էլ քարկոծեն: Սիրելինե՛րս, խնդրում եմ վիրավորելուց առաջ մի՛ մոռացեք, որ գոնե մեկ անգամ հիացել եք Տիգրան Ներսիսյանի խաղով կամ Արմեն Էլբակյանի բեմադրությամբ: Դառնալով Լիլի Էլբակյանի պատասխաններին՝ ուզում եմ ասել. հարգելի՛ Լիլի, իհարկե բոլորս էլ պատրաստ ենք մեր սիրելիների համար ամեն ինչի, բայց, ինչպես Քրիստոսն է ասում, եթե բարություն անեք միայն ձեզ բարություն անողներին և սիրեք միայն ձեզ սիրողներին, ոչինչ չպիտի շահեք: Այնպես որ, մինչ վիրավորանքների անցնելը ուզում եմ խորապես հասկանաք. սա Էլբակյանի դեմ չէ, սա Ձեր հայրիկի դեմ չէ, այլ մի մարդու, ում պատճառով ձեզ պես շատ իր հորը սիրող մի աղջնակ կամ երիտասարդ զրկվել է սիրելի հոր հետ շփվելու հաճույքից, մի մարդու դեմ, ում պատճառով մենք հասել ենք այս օրին: Աստված բոլորիդ հետ...

 


Դավիթ Ասատրյան