Երեկ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունները իրենց արտացոլանքն են գտել նաև ժամանակակից հայ պոեզիայում: Բանաստեղծ Դավիթ Ասատրյանը MediaMall.am-ին է տրամադրել իր բանաստեղծությունը, որը Շանթ Հարությունյանի հեղափոխական շարժման արձագանքն է...
Էլի գայլերի ոռնոց է գալիս,
Էլի գառների մայուն է լսվում,
Էլի գառնուկի մեր բախտն ենք լալիս
Հույսի դամբարան հրապարակում...
Էլի իրար ենք պատեպատ տալիս,
«Հերոսի» նման գետին ենք ընկնում,
Երազում դառնալ դրոշը դարիս
Մի պատառ հացի ճակատամարտում...
Մի բաժակ ջրի փոթորիկներից
Մեր պատվի նավն է անդունդը գնում.
Նա՛, որ եկել էր հեռու դարերից,
Մի պոռնիկ թերթի էջին է մեռնում:
Էլ համ չի գալիս հանապազ հացից,
Աղի մասին էլ չեմ ուզում խոսել,
Զզվել եմ անգամ երջանիկ լացից,
Ուզում եմ սրանց խառնվե՜լ, հոսե՜լ:
Բայց հոգիս տեղից պոկվում է ուժով,
Զարկում բերանիս, որ ձայնս կտրեմ,
Չտեսնեմ ո՛չ ցավ, ո՛չ թալան, ո՛չ սով,
Որ իրեն այս մեծ աղետից փրկեմ:
Ասում են՝ լավ չէ թքել, հայհոյել,
Բայց տեղ չմնաց էլ համբերելու.
Դուք վերջում մեռնող հույսն եք գլխատել՝
Միակ պայմանը մարդկանց ապրելու...
Բայց եթե չկա խրամատ պատվի,
Դաշույն հավատի ու երակի գույն,
Ես էլ թույլ չեմ տա, որ արյուն թափվի
Մի պատառ հացի ճակատամարտում...